Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ կղերաքաղաքական բողոքը, ինչպես և կանխատեսել էինք, մի քանի օրում քայլել-հասնելով մայրաքաղաք՝ տրանսֆորմացվեց Նիկոլ Փաշինյանին ներկայացված ուլտիմատումի՝ քեզ մեկ ժամ ժամանակ ենք տալիս, հրաժարական տուր։ Մինչդեռ, հիշեցնենք, դեռ Կիրանցում, նախքան քայլերթը սկսելը, Գալստանյանը, խոսելով սահմանազատման դեմ պայքարող անձանց հետ, հայտարարել էր. «Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, ակնկալություն չունեցողների պայքար»։ Խոսքը, ինչպես Գալստանյանը պարզաբանեց, նյութական ակնկալիքների մասին է, «բայց պայքարի արդյունքում ամեն մարդ, որը ներգրավված է, պետք է ստանա պատիվ և հայրենիք, ուրիշ ոչ մի ակնկալություն»։
«Ոչ մի ստանալիք, ոչ մի խաղ, ոչ մի պար, ոչ մի չգիտեմ ինչ, և անունը հենց այդպես է չակնկալիքների պայքար կամ չակնկալիքների շարժում, և այդպես էլ կլինի»։ Քայլերթի ընթացքում, նկատենք, պայքարի նպատակը փոխակերպվեց և ձևակերպվեց որպես «ստի ու կեղծիքի դեմ, հանուն ճշմարտության և արդարության պայքար», ազդարարել էր այսօր արդեն քաղաքական գործչի «ցուպը» բռնած արքեպիսկոպոսը։ Երեկ, ահա, Երևան ոտք դնելուց հետո այդ «անակնկալիք» պայքարը, փաստորեն, բացահայտեց իր իրական ակնկալիքը՝ իշխանափոխություն։
Փաստորեն, ՀՀ շուրջ 680 հազար քաղաքացիների կողմից ընտրական մեկ օրվա՝ 12 ժամ տևած ընտրական պրոցեսի արդյունքում ընտրված վարչապետը պետք է մեկ հոգու՝ երթն առաջնորդած նորընծա օպոզիցիոն, հետո էլ ռևանշիստ քաղաքական գործչի՝ Վազգեն Գալստանյանի (ավազանի անունն է) պահանջով մեկ ժամվա մեջ հրաժարական տար։ Մի պահ պատկերացնենք, որ այդպես էլ լինում էր, հրաժարականի պահանջն ի կատար էր ածվում, ԱԺ-ն նիստ էր գումարում նոր վարչապետ ընտրելու օրակարգով, ո՞վ էր լինելու «Բագրատյան շարժման» վարչապետի թեկնածուն։
Ինքը՝ սրբազանը, ինչպես այսօր ազդարարեց, նման հավակնություն ի սկզբանե չի ունեցել, բայց եթե Աստված կամի, ժողովուրդը ցանկանա և ամենակարևորը՝ Գարեգին Բ-ն օրհնի, անտարակույս կենթարկվի այդպիսի որոշմանը։ Իսկ եթե ոչ ինքը, ով կաշկանդված է երկքաղաքացիության «կապանքով», ապա ուրիշ ո՞վ է, որ պետք է բազմեցվի վարչապետի աթոռին՝ և լինելով օժտված, ընդունելի, անդավաճան, ամենակարող «մարդ Աստծո»՝ երկիրը դուրս բերի փրկության ուղի (չմոռանալով այդ ընթացքում ոտքը դնել պետական մեքենայի «պեդալին» ու «գազ տալ»)։
Մենք մի քանի թեկնածու կարող ենք առաջարկել՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան, Լևոն Քոչարյան, նրա հայրը՝ Ռոբերտ Քոչարյան, նրա օրոք ԱԳ նախարար աշխատած ու «Մադրիդյան սկզբունքներով» ԼՂ հայանպաստ կարգավորումը թաղած Վարդան Օսկանյան, որը «համեստաբար» քողարկելով իր հավակնությունները՝ որպես վարչապետացու է հայտարարել Բագրատ արքեպիսկոպոսին… Մինչ «գալստանյանական» շարժման շտաբը կկողմնորոշվի թեկնածուի հարցում, մի քանի արձանագրում անենք։
Ակնհայտ էր, որ այս մաքուր քաղաքական օպերացիան ղեկավարվում և հովանավորվում է նախկին ռեժիմի կողմից՝ որքան էլ այն փաթեթավորվեր, հանդերձավորվեր սրբազանի պարեգոտով։ Երեկ տեղի ունեցած մեկնարկիչ հանրահավաքից հետո Գալստանյանի՝ ընդդիմության հայտնի դեմքերի հետ հրապարակամերձ հյուրանոցներից մեկում առանձնանալն այլևս տեսանելի դարձրեց այն իրողությունը, որ Մայր Աթոռն ու նախկին ռեժիմը ֆիզիկապես մեկ դաշինքում են, և վարչապետին ուղղված ուլտիմատումը կոլեկտիվ որոշման արդյունք է՝ կայացված այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Իհարկե, սրբազանը հյուրանոցի սենյակներից մեկից ի ցույց դրեց վիրակապված ու յոդով մշակված իր բազմաչարչար ոտքերը՝ այսպիսով հերքելով ընդդիմության լիդերների հետ առանձնանալու մասին լուրերը, բայց նույնիսկ ոզնուն է հասկանալի, թե ինչ նպատակի էր ծառայում այդ ժամանակավոր մեկուսացումը։ Դրա օրակարգը, ենթադրաբար, այս է եղել՝ ինչպես, ի՞նչ «ինստրուկցիայով» պետք է «ուտել» համատեղ ուժերով եփված այս «աջաբսանդալը», հետագա քայլերի ինչպիսի՞ հաջորդականությամբ՝ չխայտառակվելու համար։ Մասնավորապես՝ սահմանադրական եղանակով ինչպե՞ս պետք է պարտադրեն վարչապետին հրաժարական տալ, և կամ այս պահին իրենց ձեռքի տակ եղած միակ գործիքը՝ նրան անվստահություն հայտնելը, ի՞նչ հրաշքով պետք է գլուխ բերեն, եթե ԱԺ-ում անգամ բավարար ձայներ չունեն նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Անվստահություն հայտնելու պրոցեսը, հիշեցնենք, այն փոցխն է, որի վրա արդեն մեկ անգամ՝ 2022-ի «Դիմադրության շարժման» օրերին, ընդդիմությունը կանգնել է՝ կատարյալ ֆիասկո արձանագրելով (բավարար թվով պատգամավորներ ստորագրություններ այդպես էլ չհավաքեցին), այս անգամ էլ, փաստորեն, Մայր Աթոռի օրհնությամբ ու զորակցությամբ է փորձում բախտը փորձել՝ փոցխի վրա հրավիրելով նաև եկեղեցու սպասավորին։ Ինչևէ։ Այժմ դառնանք այս մաքուր քաղաքական գործընթացում ներգրավված սուբյեկտին՝ Մայր Աթոռին՝ հովվապետությամբ ամենայն Հայոց կաթողիկոսի։ Սա աննախադեպ իրողություն է հետանկախական Հայաստանում, երբ եկեղեցին ոչ թե միջնորդավորված և հեռահար աջակցությամբ, այլ անմիջականորեն ներգրավված է իշխանափոխության գործընթացում, այն դեպքում, երբ որպես մարմին, ըստ Սահմանադրության, չունի պետական կառավարման գործերին խառնվելու առաքելություն։
Այս թեմային արդեն իսկ առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Բագրատ սրբազանն էլ իր քայլերթի ընթացքում քանիցս է հայտարարել և երեկ ու այսօր էլ վերահաստատեց՝ այն, ինչ նախաձեռնել է և փորձում է իրագործել, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գիտությամբ ու օրհնությամբ է։
Նշանակում է՝ Վեհափառը անմիջական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր, մայրաքաղաքի կենտրոնում և ՀՀ-ում ընդհանրապես՝ քաղաքական ակցիաների, ընդվզման կոչերի տեսքով, ինչպես նաև նման ակցիաների ժամանակ անխուսափելի, ենթադրյալ ցանկացած հակաօրինական գործողության համար։ Մայր Աթոռի հետ հավասարապես պատասխանատվություն է կրում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որն անմասն չէ Մայր Աթոռի դրսևորած սույն կեցվածքը քաջալերելուց։ Օրեր առաջ, նշենք, Արամ Ա Կաթողիկոսն իր «ամբողջական զորակցությունն» էր հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակված հայտարարության գծով՝ «Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ»: Տարածված հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում էին ունեցել «Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում ստեղծված կացության վերաբերյալ։ Նրանք որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանը հուզող տագնապների հաղթահարման գծով»։
«Տագնապներ» ասելով, ենթադրաբար, հոգևոր առաջնորդները նկատի ունեն այդ տագնապները հարուցողի մարմնավորում դիտարկվող վարչապետի հեռացումը։ Տեղի ունեցողի համար պատասխանատվություն են կրում նաև Եկեղեցու բոլոր այն թեմերն ու սպասավորները, որոնք հրապարակավ զորակցել են հակաիշխանական այս պրոյեկտին՝ դավաճանելով հոտի միասնականությունն ու ներքին համերաշխությունը հոգալու իրենց առաքելությանը։
Այն, որ եկեղեցին հետամուտ է երկրում իշխանափոխությանը, ապացուցվում է նաև նախքան այս՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո արված հայտարարություններով։
«Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները, …քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»,- մասնավորապես նշված էր Կաթողիկոսի՝ 2020 թ. պատերազմից հետո հղած ուղերձում։ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով վերընտրված իշխանության հրաժարականը, ինչպես պարզվեց ժամանակ անց, շարունակում է մնալ Հայ եկեղեցու իշխանությունը մարմնավորող Կաթողիկոսի օրակարգում։ 2023 թ. ապրիլին Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես նշել էր. «Մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում»։
Օրերս էլ Գյումրիից մեկնարկած երթի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդն էր ազդարարել՝ Կաթողիկոսի հորդորը անժամանցելի է, այսինքն՝ շարունակում է օրակարգային լինել նաև այսօր։ Արդ, իշխանություն ընտրած հայաստանյան հոգևոր հոտին պետք է հետաքրքրի հարցը՝ Մայր եկեղեցին մինչև որտե՞ղ է պատրաստ գնալ՝ իրագործելու իր անժամանցելի հորդորը և ո՞ւմ է պատրաստվում իշխանության բերել։
Հ. Մանուկյան
