Դիտում ՝ 33 413
Գյումրու ավագանու նիստն այսօր ընթացավ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի բացակայությամբ։ Այն վարեց փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն աշխատանքի չի ներկայանում։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ չի էլ վերադառնալու, մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել։ Պաշտոնական ձևակերպմամբ, Սամսոնյանը ջրծաղիկ է, ունի բյուլետեն, որի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։
Օրակարգային բոլոր հարցերի քննարկումն անցավ հիմնականում բարիդրացիական մթնոլորտում։
Նվիրատվություններ հատկացվեցին համայնքային ՀՈԱԿ-ներին, ավագանին կողմ եղավ, որ 4 մլն դրամ հատկացվի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքի մինչև 1000 երեխա դպրոցը շեմի պայուսակով, գրենական պիտույքներով։
Սոցիալապես անապահով 135 անձ էլ գումար կստանա։
Օրակարգային չէր, սակայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանը բարձրաձայնեց, թե շշուկներ կան, որ համայնքապատկան երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաներն ու ուսուցիչները դեռևս չեն ստացել իրենց պարգևատրումներն այն պարագայում, երբ այն հաստատվել է ավագանու դեռևս փետրվարին տեղի ունեցած նիստի ժամանակ։
Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն ասաց՝ նման բան չկա, գումարը փոխանցված է։
«Ինչ ասես կարող են շշնջալ։ Փոխանցումները կատարված են, շատ հնարավոր է, որ ծնողը ստացել է, երեխային դեռևս տեղյակ չի պահել»,- վստահեցրեց Ջիլավյանը։
Կառույցի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բարսեղյանն ի հակադրումն խորհրդականի, տեղեկացրեց, որ գումարները փոխանցված չեն։
«Երեխաներն անչափահաս են, գումարը ծնողին է փոխանցվում։ Լինում է, որ հաշվեհամարը մայրիկի անունով է, անձնագիրը՝ հոր։ Դրանք ենք ճշտում, որ կարողանանք փոխանցել գումարը»,- ասաց Բարսեղյանը։
Նկատենք, որ երեխաներից բացի երաժշտական դպրոցների ուսուցիչները ևս գումարները չեն ստացել։ Նրանք բոլորը չափահաս են, վերջիններիս հաշվեհամարները ոչ թե ծնողների, այլ հենց իրենց անուններով են։
Օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում էր Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակի 51 ծառերը նորերով փոխարինելուն, լարված մթնոլորտում քննարկվեց։ Այս խնդիրն ի հայտ է եկել տարածքում իրականացվող շինաշխատանքներով պայմանավորված։ Շինարարը դիմել է 22 ծառի հեռացման խնդրով, սակայն 51 ծառի մասին նախագիծ է առկա։
«Կոնկրետ շինարարը դիմել է Աբովյան փողոցի աջ հատվածի մասով, էս պահին այդ հատվածում բոլոր կումունիկացիաներն անցկացված են, բորդյուրները շարված են։ Կա՞ն հակառակ կողմում անցնող կոմունիկացիաներ։ Հիմնավորումը ներկայացվում է շինաշխատանքին խանգարել, խնդրում եմ հիմնավորեք»,- ասաց Մալխասյան։
Ամբողջական նյութը՝
https://www.armtimes.com/hy/article/287252