Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Բագրատ Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք Բագրատ Գալստանյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու նպատակով։

«Նախ ասեմ, որ այդպիսի առաջարկ չի եղել։ Եվ երկրորդը՝ այդ օրակարգը որևէ քննարկման չի կարող դրվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորել են իշխանություն, խորհրդարան և խորհրդարանը ձևավորել է կառավարություն, կառավարությունը ունի ղեկավար և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով։  Հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չեն պատրաստվում  այդ հարցը որևէ մեկը քննարկել»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումները պարբերաբար են լինում, սակայն նմանատիպ հարցեր չեն քննարկվում։ Վերջինս  վստահեցրեց, որ թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ կուսակցության խմբակցությունը բաց են։

«Օրերս կուսակցական ժողով է եղել, այսինքն՝ ամեն հինգշաբթի լինում է, ինչը վկայում է այն մասին, որ վարչապետի շփումը քաղաքական թիմի հետ ակտիվ է։ Ինչի՞ շուրջ պետք է մտահոգություն լինի։ Վերջին 3-4 տարիներին, գարնանային տաք ֆոնի վրա, ընդդիմությունը նույն անհատներով ու տարբեր առաջնորդներով փորձում է երկրի ներսում գեներացնել տարբեր գործընթացներ, որոնք հաջողության չեն բերում»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա՝ շարժման հաջողություն չունենալու պատճառն այն է, որ այդ գործընթացները քաղաքական բովանդակություն չունեն, իսկ քաղաքացիներին այլընտրանք չի առաջարկվում․ «Մինչդեռ իշխող ուժը շատ պարզ և թափանցիկ է ներկայացնում գործընթացները, հատկապես, եթե քննարկումները վերաբերում են անվտանգության և արտաքին քաղաքական խնդիրներին։ Իշխանությունները հանրությանը ներկայացնում են ինչպես դժվարություններ, մարտահրավերներ, այնպես էլ դրանց լուծման ուղիներ։ Կարծես թե, քաղաքական դաշտում սրան այլընտրանք չկա»։

Խանդանյանը կրկնեց՝  «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ մեկի հետ հանդիպում չի պատրաստվում իրականացնել ՀՀ վարչապետի հրաժարականի օրակարգով։ ՀՀ վարչապետը լեգիտիմ է, որևէ կերպ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը։

Կիսվել սոց․ ցանցերում