«Սրբազան» համախմբումը կրկին չի կայանում

Բագրատ Գալստանյանն երեկ առավոտյան «Անի գրանդ» հյուրանոցում հանդիպեց քաղաքական ուժերի, անհատ գործիչների, քաղաքագետների  հետ։ Ներկա էին նախկինների ու նրանց «սփոյլերների» լայն գունապնակ։ Հանդիպմանը ներկա էին նաև որոշ «փաշինյանական» նախկիններ, ովքեր տարբեր ժամանակներում հեռացվել կամ հեռացել են կառավարող ուժի շարքերից։ Ներկաների թվում էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ԱԺԲ-ից, «Ապրելու Երկրից», «Լուսավոր Հայաստան»-ից, Վանեցյանի , Վարդան Ղուկասյանի՝ Դոգ կուսակցություններից, Հայաքվե  նախաձեռնությունից ու անցյալի քաղաքական  դարակից հանված Արտաշես Գեղամյան,  Արամ Գասպարի Սարգսյանը, Պարույր Հայրիկյան, Գառնիկ Իսագուլյանը՝ в собственной персоне, ինչպես նաև Շանթ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, նախկին իշխանության գրպանային քաղաքականգետներ՝ Սուրեն Սուրենյանց և այլն ու նախկիններ սազանդարներ։

Հանդիպման հենց մեկնարկում Բագրատ Գալստանյանը խնդրեց լրագրողներին դուրս գալ՝ քննարկումը փակ ֆորմատով իրականացնելու համար, որից հետո դուրս գալով սրահից Սուրեն Սուրենյանցը չմանրամասնեց ինչ են քննարկել, սակայն ասաց, որ երկու հարցում կարծես կոնսենսուս ունեն ներկաները՝ առաջինը Փաշինյանի հեռացումն է, երկրորդը՝ Բագրատ Գալստանյանի՝ անցումային կառավարության ղեկավար լինելը, այսինքն՝ վարչապետի թեկնածուն։ Դրա համար ուժերը համաձայն են փոխել սահմանադրական հոդվածը, որպեսզի երկքաղաքացի Բագրատ Գալստանյանն իրավունք ունենա մեկ այլ երկրի հանդեպ իրավունքներ և պարտավորություններ, տրված երդում ու ի վերջո քաղաքացիություն ունենալով հանդերձ ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը։

Նախկինների համար այստեղ որևէ խնդիր չկա։ Մեկ անգամ չէ, որ այս և այսօրինակ օրենքներ են խախտել՝ այն էլ սահմանադրական։ Մենք այդպիսի նախագահ ենք ունեցել, որը 10 տարի կառավարել է, ունեցել ենք երկքաղաքացի պաշտպանության նախարար՝ գեներալ լեյտենանտի ուսադիրներով։ Այնպես որ հոգ չէ, եթե Բագրատ Գալստանյանն էլ հաջորդը լինի։ Սահմանադրական կարգ է՝ կտապալեն, հո առաջին անգամ չէ։ Բայց հարց է, թե ինչպե՞ս են փոխելու սահմանադրական օրենքը։ Դրա համար խորհրդարանում 2/3-րդ ձայներ են անհրաժեշտ, իսկ իրենք անգամ 1/3-րդ չունեն։  Այսօրենքը փոխելու համար ընդդիմությանը պետք է առնվազն 71 ձայն, իսկ իրենք ունեն 34 մանդատ, որն անգամ   իմպիչմենտի գործընթաց սկսելու համար է ոչ բավարար, էլ չասած, դրան հասնելու։

Ինչևէ, թվում է, թե ընդդիմադիր հայտնի զանգվածի մոտ լայն կոնսենսուս է ձևավորվել, և ահա՝ հերիք չէ, որ հավաքվել են մի դահլիճում, դեռ մի բան էլ երկու հարցում կոնսենսուս ունեն։

Բայց հետո լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ու ասաց, որ  իր կարծիքով շարժումը պետք է մեսիջ հղի հանրությանը, որ  նախկինի վերադարձ չի լինելու։ Դրանից, ըստ նրա, շարժումը միանշանակ կշահի ու ավելի մեծ հնարավորություն կունենա հաջողելու։ Բայց ահա հետո «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջանյանը շատ կոշտ ու կտրուկ չհամաձայնեց Խաժակյանի հետ պատասխանելով՝ «իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները, Փաշինյանի նախկինները․․․ խոսելու իրավունք ունե՞ն»։

Պարզ է, որ նախկինները հետ քաշվելու ոչ ցանկություն, ոչ մտադրություն չունեն։ Սերժ Սարգսյանի կուսակցության լիդերներից Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հրապարակմամբ անմիջապես երկրորդեց կուսակցին գրելով՝ «այո՛, նախկին նիկոլականների վերադարձ չի լինելու»։ Հավանաբար բացի «Լուսավոր Հայաստանից» նա նկատի ուներ նաև շարժմանը այս կամ այն կերպ միացած նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին, ոստիկանապես Օսիպյանին և այլն։
Շարմազանովն այս կարճ հրապարակմամբ չբավարարվեց։ Նա ավելի հստակ արտահայտեց իր դիրքորոշումը նշելով, որ չի ցանկանում համախմբվել մի շարք  ուժերի հետ, որնք այսօր Վազգեն Գալստանյանի հետ հանդիպել են։

Մասնավորապես՝ նկատի ունենալով Բևեռին․ «Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ»,

«Լուսավոր Հայաստանին»՝ «ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ»,

Արթուր Դավթյանին՝ «ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։
Բայց թե ինչպե՞ս են Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմել պետք է հարցնել Շարմազանովին։

Շարմազանովը հրաժարվել է համախմբվել նաև Աշոտյանին քաղբանտարկյալ չհամարողների հետ։

«Ես ձեւական համախմբման կարիք չունեմ», — եզրափակել է հանրապետականը։

Ահա այսպիսի «լայն կոնսոլիդացիա»։ Այս անգամ ևս, կարծես թե չի ստացվում արհեստական համախմբումներ ու համախոհություն ձևավորել։ Այս ուժերը, չնայած կարող են ունենալ մեկ նպատակ, անգամ մեկ կենտրոնից կառավարվող լինել, սակայն իրար մեջ բազմաթիվ հարցեր ունեն։

Վովա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում