Մահացել է հայտնի սպորտային մեկնաբան Միսակ Նազարյանը: Այս տարի պետք է լրանար նրա 93 տարին: Երկար, բովանդակալից, բեղուն կյանքով է ապրել Միսակ Նազարյանը: Նա ծնվել է Բաթումի քաղաքում, 1931 թվականին, ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ապա երկար տասնամյակներ սպորտային լրագրությամբ է զբաղվել, եղել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի փոխխմբագիրը, մեծ թվով գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Այդ հաղթական քոչարին» գիրքն է` նվիրված «Արարատ-73-ին»:
Միսակ Նազարյանը վերջին տարիներին թղթակցում էր «Հրապարակին»` անդրադառնում էր աշխարհում տեղի ունեցող սպորտային քիչ թե շատ նշանակալի իրադարձություններին: Գրագետ, իմաստուն, սրտացավ, ոչ մի մանրուք բաց չթողնող հայացքով նա ընթերցողին էր ներկայացնում հատկապես հայկական սպորտի իրադարձությունները: Նրա վերջին հրապարակումը տպագրվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Մինչեւ կյանքի վերջին օրն ակտիվ ապրող, ստեղծագործող, իր սիրելի գործին անմնացորդ նվիրված մարդու օրինակ էր Միսակ Նազարյանը:
«Հրապարակի» խմբագրակազմը ցավակցում է հարազատներին եւ սգում հարգելի մեկնաբանի մահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/192c3974e55fd08b5b1ced1c2ea588db?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0z8fCHA-_MyXc_k935xMnhxC6jF8j94ba_J9YBmsXtuDCEgBIi6RnrsFw_aem_AXVzj_BWmq037zQCVUYBDVAqzVJU5awVo9FxZc565UAMk5gJWNWyRWU5jnsZllBmuFGlrGnWOdXS4D3AqfUIiseQ
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
