Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Նիգավանի խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը․ կա 1 զпհ, 3 վիրшվոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, տեղում ծառայություն կատարող պարեկները և Ապարանի շտապօգնության բժիշկները։

Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ի միջից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Գալստյանն ու Գևորգ Մելքոնյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պատասխանատու-հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/05/24/1262211?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0GECCqEHFre52w4zpr2RBsX7RkHN9NT1PDI-pu_2yLBkvHctSCMlZAAGg_aem_AWoTrRZQHJpqRA4FRF8aHXmzga2ornmCXDW7GKU66jBD51j1huthNBz52HI8_ghXdTpvqFbcWAj3SeeI7UyvPp-A

Կիսվել սոց․ ցանցերում