Ոստիկանության բարեփոխումներն ընթանում են և շարունակելու են իրականացվել։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չնայած ոստիկանության բարեփոխումներին, ոստիկանության աշխատակիցները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում քաղաքացիների հասցեին։
Նախարարը շեշտեց, որ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կարևոր է էթիկական կանոնների պահպանումը․ «Վարքագծի կանոնների պահպանումը, ուժային միջոցնեի համաչափ գործադրումը և մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանության մեջ մեր լուծումները տանում են հենց դրան, բայց միաժամանակ պետք է ազնիվ գտնվել և հարցադրումը ճիշտ ներկայացնել, որովհետև անհնար է մեկ շաբաթում, երկու շաբաթում կամ մեկ տարվա կտրվածքով լուծել ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները»:
Վերջինս նշեց, որ ընդունում է այն կարծիքները, թե կան որոշակի դրսևորումներ, որոնք դեռևս պետք է լավարկել։ Հետևաբար, ըստ նրա, պարեկային ծառայության զարգացման երկրորդ փուլ կլինի, որի ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի վերապատրաստումների վրա։
«Քրեական ոստիկանության մասով մրցույթը հայտարարված է, և ասեմ, որ ոստիկանության շարքերից եղել են շատ ծառայողներ, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ, որոնք չեն հաղթահարել մրցույթը, հետևապես քրեական ոստիկանության գործարկմամբ արդեն նոր կադրերով նոր տրամաբանությամբ աշխատանքը կշարունակվի»,- ասաց նա։
