Մի բան հստակ է՝ Ռոբերտ Քոչարյանից ավելի ղզիկ ղեկավար չենք ունեցել, մեր կուսակցությունն էլ թпւրքամետ չէ

Lragrogh.com-ի հարցերին պատասխանում է նորաստեղծ Հայաստանի պետականակենտրոն կուսակցության ապագա նախագահ Ռոման Նազարյանը:

-Ե՞րբ է տեղի ունենալու կուսակցության համագումարը, ի՞նչ օրակարգով:

-Համագումարը պետք է տեղի ունենար մայիսի 18-ին: Նախատեսված էր, որ պետք է լինի մայիսի 6-ին, սակայն համացանցում որոշ «ընդդիմադիրների» կողմից նկատելի էր բողոքի ալիք, փոխեցինք օրը: Մայիսի 18-ին էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Գալստանյանի համախոհները եկան անմիջապես մեզ մոտ, եւ եղավ այն, ինչ եղավ: Անունը դրել էին, որ իբր մենք թուրքական կուսակցություն ենք: Սակայն այդպես չի կարող լինել: Ես ինքս դեմ եմ բոլոր մետերին` լինի դա թուրքամետ, արեւմտամետ, ռուսամետ եւ այլն: Հայաստանում պետք է գործեն հայամետ կուսակցություններ եւ այլ պետությունների հետ հարաբերությունները կառուցեն` ելնելով ՀՀ-ի շահերից: Ի վերջո, ՀՀ-ի հարեւանները Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանն են, որոնցից երեքը մուսուլմանական պետություններ են: Մեր կուսակցության գաղափարախոսությունը բխում է արժանապատիվ խաղաղության օրակարգից, որը չպետք է լինի պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հաշվին:

Մոտ օրերս հանրությանը կհայտնենք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա, տեղի ու ժամի մասին, նաեւ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի պետականակենտրոն կուսակցությունն անխուսափելիորեն հիմնվելու է եւ իր գործունեությամբ  ի շահ  ՀՀ-ի բեկումնային է  լինելու ՀՀ  քաղաքական դաշտում։

-Հայաստանի երրորդ հանրապետության երեսունից ավելի տարիների գոյության ընթացքում հարյուրից ավելի կուսակցություններ են բացվել` շատ տարբեր ու բազմազան գաղափարներ առաջարկելով: Խաղաղասիրության օրակարգով հանդես եկող կուսակցություններ էլ կան, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունն այդ դաշտում:

-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության, մենք չենք պատրաստվում լինել ինչ-որ մեկի գրպանային ընդդիմությունը: Մենք կոչվում ենք պետականակնետրոն, եւ եթե համամիտ լինենք իշխանության տվյալ առաջարկին, ապա կողմ ենք լինելու, եթե սխալ քայլեր անի` քննադատելու ենք: Մեր լոգոն էլ այդ գաղափարի կրողն է` կապույտ երկնքի վրա ՀՀ-ի քարտեզն է եւ խաղաղության աղավնին:

-Թուրքիայում ապրող եւ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պրոթուրքական քարոզչությամբ զբաղվող Նատալի Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի նորաստեղծ կուսակցության հետ:

-Նատալի Ալեքսանյանն ապրում է Թուրքիայում, ես նրան ֆիզիկապես չեմ ճանաչում: Նա  կապ  ունի մեր կուսակցության հետ այնքանով,  որքանով կարող է կապ ունենալ սփյուքում գտնվող ցանկացած պետականամետ մեր հայրենակից։  Լկտի սուտ է այն, որ մենք ֆինանսավորվում ենք դրսից, այն էլ՝ Թուրքիայից։   Եղել են շփումներ, Ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր էլ ենք ունեցել, գաղափարներ ենք փոխանակել: Ես չեմ կարծում, թե ինքը պրոթուրքական քարոզչությամբ է զբաղված: Նատալին ասում է, որ կողմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգի հաստատմանը: Հիմա ընդդիմության այն շրջանակները, որոնք քաղաքական մտքից բոբիկ են, անմիջապես արձագանքում են, որ ուզում են Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: Հարցին այլ կողմից չեն նայում, որ ուզում են Հայաստանը տարածաշրջանում ունենա իր ուրույն տեղը: Նաեւ հավելեմ, որ նման միտք հայտնողները ռուսական քարոզիչներ եւ ռուս բլոգերներ են: Պատմության ընթացքում Հայաստանն ինչքան տարածքային կորուստ է ունեցել, այդ ժամանակ Ռուսաստանի ղեկավարի թեթեւ ձեռքով է դա եղել` լինի դա Նախիջեւանը, թե Լեռնային Ղարաբաղը:

-Համացանցում տեսանյութեր կան, համաձայն որոնց` Դուք 2019թ., երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով ծանրակշիռ մեղադրանքներ էին առաջադրվել, պաշտպանել եք նրան: Ինչո՞ւ, ի՞նչն էր դրդել Ձեզ` պաշտպանելու նրան:

-2018թ. ես եղել եմ հեղափոխության ակտիվ մասնակից: Սակայն, երբ հեղափոխությունից հետո Ռ. Քոչարյանին ձերբակալեցին ընդամենը Մարտի 1-ի գործով, ոչ թե Հոկտեմբերի 27-ի համար, կարծում էի, որ երկրի ղեկավարը պետք է պահպաներ սահմանադրական կարգը: Ես խորապես ցավակցում եմ Մարտի 1-ի տասը զոհերին, բայց, կարծում եմ, որ Մարտի 1-ի գործը շատ վիճելի էր: Երեւում էր, որ այդ գործով չեն ուզում պատժել Քոչարյանին, արդյունքում էլ նա չդատվեց: Այն ժամանակ ես էի հիմնադրել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը, ինձ դրա համար խնդրել էր նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սակայն, երբ 2020թ. սկսվեց արցախյան երրորդ պատերազմը, ես ինքս, լինելով Արցախում, սեպտեմբերի 29-ին համոզվեցի, որ իր մասին ինչ գրում են, դեռ մեղմ է գրված: Ես տեսա, որ Քոչարյանի եւ իր թիմի միակ նպատակը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից իշխանությունը զավթելն էր եւ Հայաստանում զինվորական հեղաշրջում իրականացնելը: Եվ նա դա փորձում էր անել վազգենմանուկյանների, դաշնակների, այլոց միջոցով: Ինքը մեկնել էր Արցախ ոչ թե ինչ-որ պաշտպանական գծի հրամանատարություն ստանձնելու համար, այլ` իշխանությունը զավթելու համար: Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ իրենց համար էական չէր` հարյուր, թե հազար երիտասարդ կզոհվի, կարեւորը իշխանությունը զավթելն էր: Եվ ես հենց այդ օրվանից էլ դարձա իրենց ընդդիմադիր: Իսկ երբ նոյեմբերի 9-ին տեղի ունեցան հայտնի դեպքերը ԱԺ-ում եւ կառավարությունում, ես գնացի կառավարություն, թույլ չտվեցի, որ գույքը ոչնչացնեն: Այդ ժամանակ ինձ ձերբակալեցին, թեեւ այնտեղ մտել էի բախումները, գույքը ոչնչացնելը կանխելու նպատակով : Հետո փաստեր չգտան եւ գործը փակեցին: Երկրորդ անգամ ձերբակալեցին մայիսի 18-ին` կուսակցության հիմնադիր համագումարի օրը: Այսպես կոչված, ընդդիմադիրները եկան Եզնիկ Կողբացի 69 հասցե, որտեղ խուլիգանություններ արեցին` համագումարը տապալելու նպատակով: Ես նախապես զանգել էի Ոստիկանություն, որ գան ու կանխեն: Սակայն եղավ այն, ինչ եղավ, ես հիմա գործով վկա եմ, կարծում եմ` տուժող կճանաչվեմ, քանի որ ես գործել եմ օրինականության շրջանակներում:

-Դուք խոսում եք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին: Ժամանակին, դեռեւս 25 տարի առաջ, այդ միտքը հայտնել է նաեւ գրող, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, վտարանդի Վանո Սիրադեղյանը: Այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, հիմա հնարավոր համարո՞ւմ եք արժանապատիվ հաշտությունը, երբ պարտվել ենք:

-Այն ժամանակ էլ է Արցախում եղել պատերազմը, 2020թ. էլ Արցախում եղավ պատերազմը: Ճիշտ կլինի մեջբերել նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ, այլ Հայաստանի Հանրապետության: Իսկ արժանապատիվ խաղաղությունն այն է, որ, առանց միջազգայնորեն ճանաչված մեր տարածքները զիջելու, պետք է լինի սահմանազատում եւ սահմանագծում: Եթե չունես սահման, միշտ վիճելի հարց է լինելու, լինելու են սահմանային միջադեպեր: Հենց 2022թ. սեպտեմբերին, Ջերմուկի դեպքերի ժամանակ, ՀԱՊԿ-ը ասաց, թե չգիտենք, որտե՞ղ գանք, կանգնենք, դուք չունեք սահման: Ճիշտ է, ասում են, թե այս կամ այն երկրները սահմանազատում չեն արել, բայց այս կամ այն երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն տածում:

-Դուք համագործակցել եք Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, հիմա նրանց դեմ եք հանդես գալիս, մտավախություն չունե՞ք, որ կարող են նրանք Ձեզնից վրեժխնդիր լինել:

-Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ինձ վախեցնելը հեշտ չէ: Նաեւ այն կարծրատիպը, որ իբր Քոչարյանը միակ տղամարդն է երկրում, հերյուրանք է: Ինչպես ինքն իրեն Արցախի հերոս է հռչակել, այնպես էլ իր մասին նման սուտ կերպար է ստեղծել, որ ժողովուրդն իրենից վախենա: Ես ասեմ ավելին` ՀՀ-ում իրենից ղզիկ ղեկավար չի եղել: Քոչարյանի` այդ կերպարը ձեւավորվել է իր պաշտոնավարման օրոք տեղի ունեցած քաղաքական բազմաթիվ սպանությունների պատճառով: Այդ քաղաքական սպանություններն էլ է նա վախից գործել, որ մնա իշխանության: Ինքը թույլ էր տվել, որ Հոկտեմբերի 27-ը տեղի ունենա, որ մնա իշխանության: Քոչարյանն այնքան վախկոտ է, որ իր իշխանության օրոք նույնիսկ սեւազգեստ մայրերից էր վախենում, հրահանգ էր տալիս, որ ոստիկանները Բաղրամյան պողոտայում նրանց մայթից մայթ շպրտեն: Հիմա կարող է հարց առաջանալ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ են զոհվածների ծնողներին քաշքշում Եռաբլուրում: Ըստ ընդդիմության հայտարարած տվյալների` արցախյան վերջին պատերազմում ունենք հինգ հազար զոհ, այդ ինչպե՞ս է պատահել, որ այդ հինգ հազարից միայն հինգն են միշտ ասպարեզում: Խոնարհվում եմ նրանց որդիների շիրիմների առջեւ, բայց չպետք է շահարկել այդ որդիների հերոսությունը: Հայաստանի երրորդ հանրապետությունն ունի երեսուներեք տարվա պատմություն, որից քսան տարի ունեցել ենք արցախցի ղեկավարներ: Թող ճանաչեին Արցախի անկախությունը` չէին կարող, թող ճանաչեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` դա էլ չեն արել: Այն ժամանակ, երբ Սամվել Շահրամանյանը կարճ ժամանակով դարձավ Արցախի նախագահ, ՀՀ նախկին արցախցի նախագահները շատ ոգեւորված շնորհավորում էին: Իսկ այսօր հայտարարում են, թե սա տվեց Արցախը, նա տվեց… Եվ ես հիմա համոզվել եմ, որ Հայաստանի առաջին հանրապետությունն էլ ենք կորցրել մեր սխալ դիվանագիտության պատճառով, ցեղասպանությունն էլ է սխալ դիվանագիտության պատճառով եղել: Իսկ 1992թ., երբ Հայաստանը շրջափակման մեջ էր գտնվում, Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին ճիշտ քաղաքականության շնորհիվ արցախյան առաջին պատերազմի ժամանակ Թուրքիան չսատարեց Ադրբեջանին, դեռ հացահատիկ էլ ուղարկեց:

 

 

 

Կիսվել սոց․ ցանցերում