Դատարանը հաստատեց. Հայաստանին կփոխանցվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 անշարժ գույքը՝ յուրացված Ղազարյանի կողմից

Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրան փոխկապակցված անձանց և Գլխավոր դատախազության միջև կնքած հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությանը կփոխանցվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքը։

Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։

Երեկ՝ գոստոսի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացված նիստում որոշվել էր, որ դատական ակտը հրապարակվելու էր այսօր:

Հայցապահանջի մնացած մասով Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ նշված 4 գույքերն Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր:

Կիսվել սոց․ ցանցերում