ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներին և նշել, որ ոստիկանները զգուշացումներից հետո ստիպված են եղել ուժ կիրառել։
«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։ Մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները՝ զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,- նշել է նա։
Հունիսի 12-ին հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկան:
