Առնվազն 14 ուխտավոր է մшհացել ծայրահեղ շոգից Հաջի ծեսի ժամանակ, 100-ավոր մարդիկ ջերմային այրվածք են ստացել

Հորդանանի առնվազն 14 քաղաքացի է մահացել Սաուդյան Արաբիայում Հաջի ուխտագնացության ժամանակ ծայրահեղ շոգի պատճառով։ Ակնկալվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկում զանգվածային ուխտագնացության ժամանակ զոհերի թիվը կարող է ավելի մեծանալ։

Հորդանանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի 14 քաղաքացի մահացել է «ծայրահեղ շոգից առաջացած արևահարությունից», ևս 17-ը համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են։

Նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ համաձայնեցնում է զոհերի մարմինները թաղելու կամ տեղափոխելու ընթացակարգերը՝ նրանց ընտանիքների ցանկությանը համապատասխան:

Միաժամանակ, Իրանի Կարմիր մահիկը հաստատել է հինգ իրանցի ուխտավորների մահը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են նրանք մահացել։

Հաջը` կրոնական ծեսը, որը պարտադիր է բոլոր մուսուլմանների համար, աշխարհի ամենամեծ հասարակական հավաքներից մեկն է: Այն իսլամի հինգ սյուներից մեկն է՝ հինգ ամենօրյա աղոթքների, տարեկան ծոմապահության, բարեգործության, Ալլահի և Մուհամմեդի՝ որպես նրա մարգարեի հանդեպ հավատքի հետ մեկտեղ:

Այս տարի Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտնել են, որ ուխտագնացությանը կմասնակցի ավելի քան 1,8 միլիոն մարդ:

Հաջի ժամանակ զանգվածային զոհերի հետ կապված աղետները, ներառյալ հրմշտոցները և վրաններում բռնկված հրդեհները, սովորական են: Բայց ամենից հաճախ հիմնական խնդիրը ծայրահեղ շոգն է։

Այս շաբաթ օդի ջերմաստիճանը գերազանցել է 46 աստիճանը, ինչը դժվարացնում է բացօթյա և ոտքով կատարվող բազմաթիվ ծեսերը, հատկապես տարեց մարդկանց համար։

«Այս տարվա Հաջը սպասվում է Մեքքայում և Մեդինայում սովորականից բարձր ջերմաստիճանի տակ: Միջին ջերմաստիճանի բարձրացումը կկազմի 1,5-2 աստիճան»,- անցած շաբաթ զգուշացրել է Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Այման Ղուլամը։

Հնգօրյա ուխտագնացության կենտրոնում են  հենց Մեքքան և Մեդինան։

Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական գործակալության՝ Արաֆաթ լեռան բուժման կենտրոնում մինչ այժմ գրանցվել է ջերմային հարվածի 225 դեպք:

Ուխտագնացությունն ավարտվում է չորեքշաբթի։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ շոգի հետևանքները նվազեցնելու միջոցառումների շրջանակներում ստեղծել են բազմաթիվ կլիմայական վերահսկվող գոտիներ: Նրանք ջուր են բաժանում ու խորհուրդներ տալիս ուխտավորներին, թե ինչպես պաշտպանվել արևից ու շոգից։

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տվել ուխտավորներին հաճախակի ջուր խմել և խուսափել դրսում օրվա ամենաշոգ ժամերին՝ առավոտյան 10:00-ից 16:00-ն գտնվելուց:

Անցյալ տարի Հաջի ժամանակ զոհվել է առնվազն 240 մարդ։  Հաջի ժամանակ ամենասարսափելի աղետում՝ 2015 թվականին տեղի ունեցած մահացու հրմշտոցի ժամանակ, ավելի քան 2000 ուխտավոր է մահացել:

Կիսվել սոց․ ցանցերում