Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Լիտվայի արտգործնախարարը, պատասխանելով կառույցում ՀՀ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հարցին, հայտարարել է, որ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ քննարկումները շուտով կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, ինչը թույլ կտա տարածաշրջանին վերականգնել անհրաժեշտ կայունությունը։
«Հարաբերությունների կարգավորման հարցում ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքն առանցքային դեր ունի՝ հասնելու խաղաղության համաձայնագրի՝ հաշվի առնելով և հարգելով երկու երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Դեռ 2001 թվականին կազմակերպությանն անդամակցելիս երկու երկրները համաձայնել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհրդի առաջարկած վստահության ամրապնդման միջոցառումները հասանելի են՝ խթանելու նրանց միջև երկխոսությունը և հաշտեցումը»,- ասել է Լանդսբերգիսը:
