«Ո՞ր խմբակցության մասին է խոսքը, ա՞յն, որ գնացին Եվլախ, մի քանի անգամ ինքնալուծարվեցին և վերադարձան ՀՀ: Ա՞յն, որ մեր հարկերի հաշվին գնված ԼՂ՝ մոտ 2 միլիարդ դոլարի զենքը «բանտիկը» վրան տվեցին ադրբեջանցիներին: Հիմա իրենք ո՞ւմ շահերն են պաշտպանում, Շահրամանյանի «Տոյոտա»-ի՞»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ մեկնաբանելով ԼՂ ԱԺ նախկին 4 խմբակցությունների դատապարտող հայտարարությունն առ այն, որ հունիսի 21-ին իրավապահները կոտրել էին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել ԼՂ-ի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան՝ օրենքի սահմաններում իրականացնելով հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթաց։
Ըստ Մկրտչյանի՝ այս հայտարարությամբ վերջիններս իրենց դիմակն են պատռում. «Ի՞նչ է նշանակում մեկ մեքենայի համար այսպիսի հայտարարություններ անել, կամ կրծքով մեկ մեքենայի իրավունքները պաշտպանել. այդ մեքենան ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին է գնվել: Ոչ միայն մեքենան, այլ այս մարդկանց՝ կոնկրետ եվլախցիների շրջանակի դեպքում պետք է հասկանալ, թե ՀՀ-ում ի՞նչ կապիտալ ունեն, որտեղի՞ց իրենց, ծագումնաբանությունը»:
Անդրադառնալով հայտարարության մեջ առկա պնդմանը, թե ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի և անհատների՝ Մկրտչյանն ասում է՝ արցախահայերը ոչ միայն թիրախավորված չեն ՀՀ-ում, այլ, հակառակը, շարունակում են ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից սնվել, ինչպես սնվել են տարիներ շարունակ:
«Դրանից առաջ էլ ՀՀ քաղաքացիներն են իրենց հարկերի վճարման հաշվին, իրենց մարմնով Արցախ պահել: Բարոյականության սահմանները թող այս անբարոյականները չանցնեն. ՀՀ-ն և նրա քաղաքացիները նվիրել են, տվել Արցախին այն, ինչ կարող էին, ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել՝ սկսած կյանքից, վերջացրած վճարած հարկերով, որը գրպանվել է: Դուրս եկեք, Երևանի փողոցներով պտտվեք. հանրապետությունում ինչքան խոշոր բիզնես կա, ղարաբաղցիներն են մեջը: Իմ վճարած հարկերի հաշվին այդ խոշոր բիզնեսատերը 40 հազար դրամ հոսանքի գումար է վերցնում: Բա էնքան պարապ են, որ պետք է Գալստանյանին միտինգներին գնան, մի 5000 հազար էլ էնտեղից աշխատեն: Ի վերջո, այս մարդկանց պետք է իրենց տեղը նստեցնել, չեն հասկանում, թե որտեղ են գտնվում, պետության մեջ պետություն են խաղում, ՀՀ սահմանադրական կարգի դեմ գործողություններ անում, հո պատուհաս չեն մեր գլխին, պետք է սթափվեն»,- ընդգծում է Մկրտչյանը:
Կրկին անդրադառնալով առգրավված մեքենային՝ զրուցակիցը հեգնում է՝ ասելով, որ անհանգստանալու կարիք չկա՝ հիշեցնելով, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր մեքենան նվիրել է Շահրամանյանին. «Հենա Շահրամանյանին էն ինքնասառեցված տերտերը մոտ 50-60 հազար դոլարանոց «Լեքսուս» է նվիրել, թող բարով վայելի»:
Հարցադրմանը՝ իսկ ո՞րն էր դրդապատճառը, որ Գալստանյանն իր մեքենան նվիրեց Շահրամանյանին, վերջինս կարծիք է հայտնում, որ այսպես նա վարձահատույց եղավ «մատուցված ծառայությունների համար»:
«Գալստանյանի հանրահավաքներին, եթե ղարաբաղցիները ներկա չլինեին, նա կմնար մենակ միկրոֆոնի հետ: Իհարկե, պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լիներ մատուցված ծառայությունների համար: Սակայն հարց է, թե ո՞ր երկրին մատուցած ծառայությունների համար է այս մարդը վարձատրվում, ո՞ր ծառայության համար է Շահրամանյանին մեքենա նվիրում, կարող է Եվլախ գնալու և ԼՂ-ն լուծարելո՞ւ: Վազգենսարգսյանական բառերով եմ ուզում ասել՝ «Ես վախենում եմ մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչացող շներից», անկեղծ եմ ասում»,- ասում է քաղաքագետը:
Մկրտչյանն իր դժգոհությունն է արտահայտում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի տարածքում գործում է ԼՂ ներկայացուցչության շենքը՝ կրկին պնդելով, որ պետության մեջ չի կարող պետություն լինել:
«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին հարցը դնել քննարկման, ինչ է նշանակում Երևանում ունենալ ներկայացուցչություն, գրասենյակ: Այդ շենքում ինչո՞վ են զբաղվում, եթե փորձ է արվում մեր պետության մեջ պետություն ստեղծել, բնում պետք է խեղդել, բավ է ազդեն ՀՀ քաղաքացիների նյարդերի վրա: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում կլանային իշխանություն են ունեցել՝ «Ղարաբաղյան կլան» անունով, հիմա փորձ է արվում այդ 100 հազար ղարաբաղցիներին օգտագործելով՝ հերթական կլանային իշխանությունը ձևավորել ՀՀ-ում, սակայն «Ղարաբաղյան կլան»-ը վաղուց արդեն անցյալում է: Ղարաբաղը ինքնալուծարել են, եկել են ՀՀ, որ Հայաստանն էլ գուբերնացնե՞ն»,- մտահոգություն է հայտնում բանախոսը:
Հերմինե Կարապետյան
https://www.armtimes.com/hy/article/290358