Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությունը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն:
Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռևանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են, որից խորհուրդ ենք տալիս հրաժարվել»,- ասել է Հաջիևը։
Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը եկել է, հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել։
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ է գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել էր նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա։
