«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հիսու Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման միտքը առաջացել է այն գիտակցումից, որ հայը պետք է ներկայացվի որպես պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ:
Այս մասին նա լրագրողներին ասել է արձանի կառուցման աշխատանքներին հետևելու ժամանակ:
«Մենք պետք է խեղճ չմնանք, որ բոլորն իմանան՝ Կովկասում կա հայ ժողովուրդ, որը քրիստոնեությունն առաջինն է ընդունել։ Մեզ ճանաչելիություն է տալու, հզորություն է տալու»,- նշել է Ծառուկյանը:
Անդրադառնալով քննադատություններին՝ վերջինս ասել է, որ ինքը դրանց նորմալ է վերաբերվում։
«Աշխարհում ամենալավ ծրագիրն էլ, որ անում են, միևնույն է, լինում են մարդիկ, որոնք քննադատում են՝ դեմ են կամ կողմ, ձեռնպահ են։ Օրինակ՝ Ֆրանսիայում Էֆելյան աշտարակի կառուցման առումով էլ բոլորը դեմ էին, սակայն այսօր բոլորն էլ դրանով հիանում են, ու հենց դա է Փարիզը դարձրել տուրիզմի կենտրոն: Ժամանակն ամեն ինչ կապացուցի, կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի ճանաչման, հզորացման, հրաշալիքներից մեկն է լինելու, ու դա ժամանակի հետ բոլորն էլ կհասկանան, ես չեմ ընդունում միայն չարախոսությունը»,- համոզմունք է հայտնել նա։
Դիտարկմանը, թե միանշանակ չէ նաև Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է՝ հարցը քննարկել են Գարեգին Բ-ի հետ, ինչպես նաև Արամ կաթողիկոսի հետ:
«Ես սա կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ որպես մշակութային կենտրոն, որպես քրիստոնյա ազգ։ Եթե ես եկեղեցի կառուցեի, դնեի եկեղեցում, դա այլ բան, բայց սա ուրիշ է: Ես հավատքով մարդ եմ, կառուցել եմ 7 եկեղեցի, 20-ից ավելին վերակառուցել եմ, որտեղ ինչ-որ հարց է եղել, աջակցում եմ, օգնում եմ: Աբովյանում էլ եկեղեցի կառուցելու համար մարդիկ կային, որ դեմ էին, բայց այսօր այդ եկեղեցում տեղ-դադար չկա, մարդիկ ուզում են իրենց կնունքը, հարսանիքը այդտեղ կատարել»,- ասել է նա:
Ծառուկյանը կարծում է, որ այս արձանը կարող է տուրիստների մեծ հոսք ապահովել երկիր․ «Եթե մեր երկիր տարեկան 5-10 մլրդ մարդ գա-գնա, 5-10 մլրդ գումար մնալու է երկրում»։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նշել է՝ քննարկումներ կան, բանակցում են. «Կան նախնական նախագծի փոփոխություններ, գիտենք, որ հնավայր է, կան ամրոցներ, ուսումնասիրում են, ես էլ ասել եմ՝ պատրաստակամ եմ դրանք վերակառուցել։ Դրանք ևս մեծ պատմություն են, տուրիստները կգան, դա էլ կտեսնեն, սա էլ»:
