Սոթքի լարումը Ադրբեջանի «պատասխանն» է նախօրեին Մոսկվայում կայացած Լավրով-Ֆիդան հանդիպմանը: Այդ հանդիպումը իր հերթին նախապատրաստական վերջին ակորդն էր սեպտեմբերի 4-ին Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ:
Այդ հանդիպումը Թուրքիային բավականին անհրաժեշտ է, ինչի մասին է վկայում այն, որ Էրդողանը համաձայնեց ինքը մեկնել Սոչի, թեեւ խոսում էր, որ Պուտինն է գալու Թուրքիա:
Թուրքիային պետք է նախագահի ընտրության գործընթացում եւ դրան փաստացի հաջորդած ՆԱՏՕ վեհաժողովում նկատելի այսպես ասած արեւմտյան «թեքումից» հետո վերադառնալ այսպես ասած այն «բալանսի» կետին, որ փորձում էր ապահովել Էրդողանը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Դրա համար նրան անհրաժեշտ է Ռուսաստանի հետ լայն քաղաքական համաձայնության ակտ, ցույց տալու համար, որ ինքը շարունակում է լինել այն «անկախը», որ ինքնուրույն հարաբերվում է թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի հետ: Այդ «բալանսի» կետը կորցնելու դեպքում Էրդողանը կորցնելու է իր միջազգային քաղաքական կշռի եւ արժեքի մի շոշափելի մաս:
Ռուսաստանին անհրաժեշտ է Կովկասում չկորցնել իրադարձությունների ընթացքի թելը, եւ առավել եւս չբախվել ապակայունացման ռիսկի: Այդ իմաստով հատկանշական է Ֆիդանի հետ մոսկովյան հանդիպումից հետո Լավրովի հայտարարությունը, որ «համոզված» են, թե Թուրքիան կարող է «կառուցողական եւ օգտակար» դրե խաղալ ՌԴ, ՀՀ, Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացման «խաղաղ ջանքում»: Լավրովի այդ բարձրաձայնումը հուշում է, որ Կովկասի հարցը Պուտին-Էրդողան հանդիպմանը Ռուսաստանի համար լինելու է առանցքային հարցերից մեկըեւ Մոսկվան խոսելով Թուրքիայի «կառուցողական եւ օգտակար» դերի մասին, մեծ հավանականությամբ թերեւս աիրտահայտում է ակնկալիք, որ Աննկարան իր ազդեցությամբ կօգնի «կառուցողական» դաշտ բերել Բաքվին:
Կօգնի՞ Թուրքիան: Սոթքում ադրբեջանական սադրանքը թերեւս միտված է Թուրքիայի «օգնության» գինը բարձրացնելուն: Այլ կերպ ասած, եթե Մոսկվան ակնլալում է Թուրքիայի համար՝ վերը նկարագրածս «բալանսի կետի» լայն հարցում որեւէ ընդառաջ դիրքավորման դիմաց Թուրքիայից օգնություն ստանալ Կովկասում Ադրբեջանի, հետեւաբար կայունության կառավարելիության հարցում, ապա ադրբեջանական սադրանքի միջոցով Անկարան ու Բաքուն թերեւս փորձում են Ռուսաստանից որեւէ բան կորզել նաեւ հենց Կովկասում: Եվ այստեղ առաջանում է հարցը՝ կգնա՞ դրան Ռուսաստանը: Որովհետեւ այդ հարցի «դրական» պատասխանն իհարկե կարող է բացասական հետեւանքի շոշափելի ռիսկ պարունակել Հայաստանի ու Արցախի համար:
Իհարկե հնարավոր է, որ Սոթքը զուտ ադրբեջանական սադրանք է, որով Ալիեւը փորձում է չմնալ Պուտին-Էրդողան հնարավոր համաձայության եւ առեւտրի «օբյեկտ», կամ գուցե որեւէ այլ մեկը՝ Արեւմուտքից, Ալիեւի միջոցով փորձում է առնվազն բարդացնել այդ հնարավոր համաձայնությունը, ինչում իր շահը տեսնում է իհարկե նաեւ Ալիեւը:
Հ.Գ. հասկանում եմ, որ այս դիտարկումներս դուրս են «ավանդական» դիտարկվող սխեմայի շրջանակից, եւ ցանկացողները հանգիստ կարող են մնալ այդ սխեմայի շրջանակում:
