Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները:
2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:
2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252.760 աշակերտ։
2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409․996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34․780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը:
Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն
54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության արդյունքների նախնական ամփոփումն արդեն կատարված է, ըստ որի Արհեստագործական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 3862 դիմորդ:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 11.196 դիմորդ:
Գերակա 15 մասնագիտություններով ընդունվել է 717 դիմորդ:
Բարձրագույն կրթություն
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով 2024 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 14.242 դիմորդ, ինչը 928-ով ավելի է 2023 թվականին (13.314) ցուցանիշից։ Նրանցից բուհեր է ընդունվել է 10.720-ը (75.3 %). նախորդ տարի ընդունվել էր 10.201-ը (76.6 %)։
Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 2012 դիմորդ (1924-ը՝ հատկացված տեղերով, 88-ը՝ պահուստային), վճարովի հիմունքներով՝ 8708-ը (8668-ը՝ հատկացված տեղերով, 40-ը՝ պահուստային): Թափուր է մնացել 6174 տեղ։
2024 թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում ամենաշատ ընդունվածների թվով առաջատար պետական բուհը Երևանի պետական համալսարանն է. այստեղ ընդունվածների թիվը 2403 է։ Ամենաքիչ ընդունվածների թիվը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում է՝ 4 դիմորդ։
Առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական բուհերի՝ ընդունվածների թվով առաջատար մասնագիտությունը «Բուժական գործն» է (ԵՊԲՀ), որտեղ ընդունվածների թիվը 462 է, ոչ պետական բուհերի՝ ամենաշատ ընդունվածների թվով առաջատար մասնագիտություններն են «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» (Հայկական բժշկական ինստիտուտ). ընդունվածների թիվը երկուսում էլ 35 է։
Պետական բուհերում 31, իսկ ոչ պետական բուհերում 20 մասնագիտությունում ընդունվել է միայն մեկ դիմորդ։
ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն և 2023 թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշումներով սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով դիմորդների քանակը կազմել է 411, ընդունվել է 354-ը։
Տվյալ մասնագիտությունների ցանկում ամենապահանջվածը եղել է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությունը. դիմորդների քանակը հիմնական և լրացուցիչ փուլերում եղել է 102, ընդունվել է 95-ը։
