Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, այս փուլում այդ որոշումը բավարար է:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության վերաբերյալ հարցին:
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հարգում է բոլոր տեսակետները, սակայն իշխանությունը կայացրել է այն որոշումը, որն առկա է: Այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն Հայաստանը չի տեսնում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ պահին նման անհրաժեշտություն չի տեսնի:
