«Եթե հաշվի չառնենք ադրբեջանցիների խանդը, ռուսների հետ միասին պրոցեսը տորպեդահարելու ցանկությունն ու կապրիզները, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի փաստաթուղթը կարող է ստորագրվել»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանում հակասող կետեր չկան:
«Հայկական կողմը թե՛ կոմունիկացիաների ապաշրջափակման, թե՛ տարածաշրջանում կայունություն և հարատև խաղաղություն հաստատելու քաղաքական կամքի դրսևորման մասով ապացուցել է, որ պատրաստ է»,- ասում է նա:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ րոպե առաջ պատրաստ են ստորագրել արդեն համաձայնեցված Խաղաղության համաձայնագիրը՝ Մկրտչյանն ասում է, որ սա հայտարարություն է ի լուր աշխարհի՝ հերթական անգամ ցույց տալու համար, որ հայկական կողմը խարդավանքներ, նոր էսկալացիաներ չի փնտրում, պատրաստ է խաղաղության:
«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը, ցավոք, այս պահին հակված չէ հայկական կողմի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու՝ հաշվի առնելով իրենց հռետորաբանությունը Պուտինի այցից հետո: Դրա մասին են խոսում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղիղ ՌԴ-ին սաստող հայտարարությունները: Այս իրավիճակում մնում է հասկանալ, թե Բաքուն ինչպես կկողմնորոշվի, որ ուղղությամբ է ուզում շարժվել՝ դեպի պատերա՞զմ՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակ, թե՞ տարածաշրջանային երկրների և նրանց շահերի հետ ևս հաշվի նստելու ուղղությամբ»,- նկատում է նա:
Ըստ նրա՝ այժմ գնդակը գտնվում է պաշտպանական Բաքվի կիսադաշտում. արդյոք նրանք պատրա՞ստ են Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհուպ մինչև ուղիղ առճակատման գնալ. «Իսկ Իրանը դեռևս Իսրայելի հարձակման պատասխանը չի տվել և դա կարող է անել ընդհուպ որևէ երրորդ երկրում՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ադրբեջանը Իսրայելի պլոցդարմի է վերածվել: Վստահաբար, Բաքվում հիմա ծանրութեթև են անում, զուգահեռ ապատեղեկատվություններ տարածում ՊՆ-ի մակարդակով՝ հող նախապատրաստելով նոր էսկալացիայի համար: Կգնա՞ Բաքուն դրան, թե՞ չէ, ժամանակի և իրենց որոշումների հարցն է: Պարզ է, որ հիմա Բաքուն խաղում է երկու լարի վրա և մինչև ԿՈՊ29-ը խնդիր ունի ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը պահել, ստատուս քվոն պահպանել, ՀՀ-ի և միջազգային հանրության աչքերին «թոզ փչել», իսկ թե ինչ կլինի ԿՈՊ 29-ից հետո, կրկնում եմ՝ ցույց կտա ժամանակը»:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը խաղում է թե՛ արևմտյան, թե՛ ռուսական հարթակներում. «Իհարկե, ռուսական հարթակներում բացառապես ծավալապաշտական նկրտումներ ունեն, իսկ արևմտյան հարթակում կեղծ խաղաղարարի պատմուճանով են հանդես գալիս և ժամանակի վրա խաղում՝ մինչև տեսնեն՝ ԱՄՆ-ում ինչպիսի արդյունք կլինի, ռուս-ուկրաինական ճակատում ինչպիսի զարգացումներ կլինեն, ի վերջո, տարածաշրջանում ինչ գործողություններ կլինեն՝ հաշվի առնելով Իրան-Իսրայել սառը պատերազմի մթնոլորտը»:
Իսկ թե այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանը, քաղաքագետի համար շարունակում է մշուշոտ մնալ:
«Կարծում եմ՝ ՀՀ-ն ռազմավարական կողմնորոշման խնդիր ունի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու: ՀՀ-ն պետք է եվրաինտեգրման ուղին բռնի, ճանապարհ բռնի դեպի ԵՄ, նպատակ դնի ԵՄ լիիրավ անդամ դառնալու ու դա անի ՀՀ քաղաքացիների հետ՝ ձեռք ձեռքի տված, որպեսզի որևէ Զախարովա, Պուտին, Լավրով և Պեսկով չկարողանան հյուսիսից վայրահաչել և ՀՀ ուղղությամբ քարեր նետել: Դա նաև ՀՀ-ի համար անվտանգային միջավայր կապահովի»,- եզրափակում է Մկրտչյանը:
