Մեկ անգամ արդեն հանդուրժեցինք ավտոկրատ եւ ուզուրպատոր Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը ԵԱՏՄ մտցնելը եւ տեսանք դրա հետեւանքները

 

Երեկ  ՀՀ-ԵՄ  անդամության հանրաքվեի անցկացման ստորագրահավաքին ընդառաջ  տեղի  է ունեցել քննարկում:  Քննարկմանը վերաբերող մի քանի հարց ուղղեցինք  <Ազատ քաղաքացի> հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ  Խուրշուդյանին:

 

— Ովքե՞ր էին  մասնակցում քննարկմանը, նպատակը միայն ԵՄ-ին   անդամակցելու համար  ստորագրահավա՞քն էր:

 

-Քննարկմանը մասնակցում էին Ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակի ներկայացուցիչները, մի միավորում, որն էլ հենց ձեւավորել է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու համար ստեղծված եւ 51 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը։ Այդ խմբի մեջ են մտնում երեք արտախորհրդարանական ժողովրդավարական կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք, օրինակ, «Իրավունքի Եվրոպա» միավորումը, «Պրոարմենիա» ՀԿ-ն, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, մի շարք այլ ՔՀԿ-ներ։

 

— Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ե՞րբ է կազմակերպվելու ստորագրահավաքը:

 

-Համաձայն ՀՀ օրենքի`  ստորագրահավաքը կմեկնարկի ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբի գրանցումից եւ դրա դիմումը հաստատելուց հետո․ այն կկազմակերպվի ՀՀ քաղաքների եւ խոշոր բնակավայրերի համայնքապետարաններում/քաղաքապետարաններում, Երեւանի բոլոր թաղապետարաններում, իսկ արտհերկրում՝ ՀՀ հյուպատոսություններում աշխատանքային օրերին եւ ժամերին՝ այսինքն երկուշաբթի-ուրբաթ օերրին, ինչպես նաեւ կիրականացվի առցանց՝ էլեկտրոնային ստորագրությունների միջոցով։ Այնպես որ` պետք է հորդորեմ մեր այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանում չեն, կամ կդժվարանան աշխատանքային ժամերին մասնակցել քվեարկոթյանը՝ շտապել ձեռք բերել էլեկտրոնային ստորագրության հնարավորություն՝ նույնականացման քարտերով։

 

 

— Ակնհայտ է, որ 2020թ. արցախյան պատերազմից հետո աճել են հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում: Մոտավոր հաշվարկներով` մեր ժողովրդի քանի՞ տոկոսը կողմ կարտահայտվի ԵՄ-ին անդամակցելուն:

 

— Հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասը կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը։ Այլ հարց է, որ պետք է կարողանանք քարոզարշավի միջոցով մարդկանց իրազեկել  քվեարկության եւ դրա մեխանիզմների մասին։

 

 

— Հաշվարկե՞լ եք այն ռիսկերը, որոնք կարող են ծագել նման ստորագրահավաքի արդյունքում: Արդյո՞ք հարմար պահ է ՌԴ նախագահ Վլ. Պուտինին ձեռնոց նետելու համար:

— Հայաստանի սուվերենը նրա ժողովուրդն է,  եւ իր ինքնիշխանությունը ամրապնդելու, իր քաղաքական կամքը արտահայտելու համար նա չպետք է առաջնորդվի օտար երկրների շահերով կամ վերաբերմունքով, այլ բացառապես սեփական շահերով։ Իսկ պահը առավել  քան պատեհ է։ Մենք մեկ անգամ արդեն հանդուրժեցինք ավտոկրատ եւ ուզուրպատոր Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը ԵԱՏՄ մտցնելը եւ տեսանք դրա հետեւանքները 2020թ․-ին եւ 2023թ․-ին։ Այլեւս սխալվելու եւ հապաղելու իրավունք չունենք։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում