«Հիմա «պեյջերներով են» մարդկանց տրшքցընում. Արշակ Կարապետյանի ցնցող ցուցմունքները Կրեմլի մտադրությունների մասին

Ռուսաստանում ծվարած կամ (իր իսկ բառամթերքն օգտագործենք) «վեր ընգած» Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, պարզվում է, լավ ինֆորմացված է  պետական պաշտոնյաներին «շարքից հանելու» ժամանակակից ահաբեկչական տեխնոլոգիաներին, դրանց վերջին միտումներին  և հեգնանքով է արձագանքել  ԱԱԾ-ի վերջին բացահայտմանը իշխանության յուրացման փորձի վերաբերյալ։ Հայրենիքի վիրտուալ փրկիչ երբեմնի նախարարը հարցազրույց է տվել հայրենական (նկատի չունենք՝ ռուսական) կայքերից մեկին ու կիսվել թեմայի վերաբերյալ  իր  «գիտելիքներով»։ Քանի որ պարոն Կարապետյանը  գեներալի ուսադիրների տակ գտնվող անձ է (թող որ՝ «պրոֆնեգոդնի» լինելու հիմքով  պետական ապարատից «դուրս գրված»), ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ էլ (Շոյգուի ականջը կանչի) նստել-վեր է կացել, զենք ու զրահով է փոխանակվել, ուրեմն հաստատ գիտի՝ որը որից հետո է, և որը՝ ինչի համար, հետևապես նրա հարցազրույցի այդ հատվածը պետք է պատշաճ ուշադրության արժանանա ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։

Գեներալը նախ ազդարարել է՝ «թող իրենց (ՀՀ իշխանությանը-խմբ.) չթվա, որ իրենք ըտեղ, ռուսերեն մի բառ կա՝ վեչնի վեր ընգած են լինելու», ապա  նկատել. «Էն օրը տեսա, որ մի քանի հոգու հայտարարեցին… կինո են նկարում՝ ձերբակալում են, դանակներ են… թե՝ դանակներով ո՞վ ա էթում իշխանափոխություն անի զինված, ճիշտն ասած՝ չեմ հասկանում։ Բացի դրանից երկրորդ խումբն են… սրանից մի 6 ամիս առաջ էլ մի ուրիշ խմբի մասին էին ասում։ Ես միշտ ասել եմ՝ մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ։ Մենք դեմ ենք դրան, դրա համար էլ մենք կուսակցություն ենք ստեղծել, դրա համար էլ օրինական դաշտում ենք ուզում գործենք։ Մենք դեմ ենք, որ հայի արյուն թափվի, ես բազմիցս ասել եմ, այդ թվում եթե այդ արյունը վերաբերվի մեր կողմից նույնիսկ ամենաատելի մարդուն։ Բայց դե՝ էդ ի՞նչ ա… Մարդիկ արդեն «պեյջերներով» են տրաքցընում, արդեն այդ… հեռավոր կապով են մարդկանց պայթեցնում (ժպտալով-խմբ.), մեզ ասում են՝ մեքենայի տակ ուզում են բան դնեն… Լսեք, էդ «Կոզա Նոստրայի» (սիցիլիական մաֆիա) ժամանակները շուտվանից անցել ա,  էսօր կան ժամանակակից միջոցներ, էդ ո՞ւմ եք հեքիաթ պատմում։ Ասում ա՝ Նիկոլի ավտոյի տակ պայթուցիկ են ուզեցե դնեն։ Էդ ո՞րդեղ, էդ Ուկրաինայի պատերազմի ժամանակ մեկի ավտոյի տակ… ե՞րբ են վերջին անգամ դրե… Էս ի՞նչ եք խոսում»։

Իրոք, զարմացած, եթե չասենք՝ ապշած ենք պարոն գեներալի՝ տեռորիզմի վերջին միտումների մասին «հարուստ գիտելիքներից»։ Երևում է, որ «мастер своего дела»։ Առաջարկ ունենք՝ թող օնլայն սեմինար պարապմունքներ  կազմակերպի նորաթուխ, իր նման վիրտուալ հայրենափրկիչների համար ու տեղը տեղին բացատրի պետական բարձրաստիճան անձանց սպասարկող ավտոները պայթեցնելու «առանձնահատկությունները»։ Մի հիշեցում էլ՝ ի պատասխան նրա այն հարցի, թե երբ է  վերջին անգամ  կիրառվել «ավտո տրաքցընելու» մեթոդը։  Այս մեթոդն,  ի դեպ, հենց այն երկրում է կիրառվել, որտեղ ծվարել է ինքը՝ Կարապետյանը։ 2022-ի օգոստոսին Մերձմոսկովյան տարածաշրջանում պայթեցվեց ռուս հայտնի վերլուծաբան, իր ընդգծված հակահայ դիրքորոշումներով հայտնի, Կրեմլի իդեոլոգ  Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դուգինայի մեքենան։ Պայթյունի ժամանակ վերջինս եղել է մեքենայում և տեղում մահացել։ Ռուսական ԶԼՄ-ները վարկած էին  առաջ քաշում, որ այդ՝ պայթեցված մեքենան, որը պատկանում էր Ալեքսանդր Դուգինին, հենց ինքը պետք է վարեր, սակայն վերջին պահին նա նստել է մեկ այլ մեքենա և, ըստ էության, փրկվել։ Ինչևէ։ Ի դեպ, պաշտոնական Կիևը հայտարարեց, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ «Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է, և առավել ևս՝ ահաբեկչական»,- հայտնել էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմից:

Ամբողջական նյութը՝

https://civic.am/news/77119

Կիսվել սոց․ ցանցերում