Խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորովին վերջերս, օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով:
Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն:
Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Ադրբեջանի նախագահը և ես արդեն բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է:
Այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա
Խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն: Դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների: Ցավը շատ խորն է և մեծ:
Բայց հիմա մենք պիտի կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ժողովուրդներին: Այդ ճշմարտությունը կբացի բոլորիս աչքերը, կփակի թշնամության աղբյուրները և բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա»։