Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) 43 պատգամավոր դիմել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով վերանայել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և դատապարտել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածությունները։
Օրենսդիրները վրդովված են 63 կոնգրեսականի և սենատորի ուղերձից՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որոնք կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
«Մենք պետք է բացահայտ ասենք, որ կասկած չունենք, որ այս կոչը կազմակերպվել է Պետդեպարտամենտի կողմից։ Ինչպես հոկտեմբերի 4-ին ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, Պետդեպարտամենտը նամակներ է գրում Ադրբեջանին սպառնալու համար»,- կարծում են ադրբեջանցի պատգամավորները։
Նրանք հայտարարել են, թե Ադրբեջանի դեմ պահանջներ են ներկայացվել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում այն դեպքում, երբ «Իրաքում, Աֆղանստանում և աշխարհի այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմների ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել, շատ մարդիկ խոշտանգումների են ենթարկվել ու պատժվել առանց դատավարության»:
Պատգամավորներն առաջարկել են ԱԳՆ ղեկավարին նաև չեղյալ հայտարարել 1997 թվականի «Ադրբեջանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ապագա ռազմական և պաշտպանական հարաբերությունների մասին» համատեղ հայտարարությունը և «Նախարարների միջև սարքավորումների և փոխադարձ ծառայությունների ձեռքբերման մասին» համաձայնագիրը, որը կնքել են Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները 2013 թվականին:
Նրանք նաև առաջարկում են դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր նախագծերը, արգելել նոր նախագծերը, ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը Ադրբեջանում։
