ՌԴ կրեմլամերձ շրջանակները հավանաբար շատ ծանր են տանում տարածաշրջանում ռուսական դիրքերի շարունակական կորուստն ու փորձում են ՀՀ-Իրան սահմանից ՌԴ ԱԴԾ ծառայողների դուրսբեման փաստը հակակշռել էժանագին մանիպուլյացիաներով:
Ռուսական կառավարական լրատվամիջոց համարվող «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը թույլ է տվել դիվանագիտական և լրագրական էթիկայի կոպտագույն խախտում։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում պետությունների ղեկավարների ավանդական լուսանկարի արարողության ժամանակ լրատվամիջոցի ֆոտոլրագրողը «հարմարացրել է» մի կադր ստանալ, որտեղ իբրև թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլուխը կռացնում է Ադրբեջանի դրոշի, ապա Իլհամ Ալիևի առաջ։ Այս կադրը, նախապես մշակված «սցենարի» և փոխանցումներով խաղի տրամաբանությամբ ակտիվորեն սկսեցին շրջանառել ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսական մամուլում պրոադրբեջանական լոբբին ահռելի ազդեցություն է կուտակել, դա պարզ է անգամ անզեն աչքով։ Այդուհանդերձ փաստորեն արդեն պետական լրատվամիջոցներն են իրենց թույլ տալիս Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի համար այս կարևորագույն միջոցառումն օգտագործել բացառապես դեղին մամուլին բնորոշ նյութեր տարածելով, և այսպիսով հաճոյանալով իրենց ադրբեջանցի «տերերին»։ Զօրուգիշեր հայ հասարակությունում հակառուսական տրամադրություններից բողոքելու փոխարեն ռուսական լրատվադաշտի առաջատար ներկայացուցիչները ճիշտ կլիներ, որ նման երևույթներին ուշադրություն դարձնեին՝ հստակ հասկանալով, որ հակառուսական տրամադրությունների առաջնային բորբոքողները հենց իրենք՝ ռուսական շրիշակային «փորձագետներն» ու «դեղին մամուլի ներկայացուցիչներն են»։
Հաշվի առնելով, որ լուսանկարները տեղադրող լրատվամիջոցը գտնվում է Կրեմլի անմիջական հրահագի տակ, ապա ՌԴ իշխանությունները տարածվող լուսանկարի համար պետք է հստակ բացատրություններ տան՝ թե՛ հրապարակային ձևով, թե՛ դիվանագիտական խողովակներով, և ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ ՀՀ ընտրված իշխանության հասցեին էթիկետի նման խախտում թույլ տալու համար։ Նման էժանագին մեդիամանիպուլյացիաների հետագա գործադրումը վստահաբար չի բխելու առաջին հերթին ՌԴ ղեկավարության շահերից։
Հարց է առաջանում ի՞նչ են ուզում ռուսներն ասել սրանով։ Թե տեսեք` այն երկրի ղեկավարը, որ երազում է այս տարի իր երկիրը դարձնել ԵՄ անդամ, մեր սեփական հարկի տակ գլուխ է խոնարհում մեր ռազմավարական դաշնակից պետության դրոշի և ղեկավարի առջև։ Սակայն, ՌԴ-ի մեր «գործընկերները» մոռացել են, որ ՀՀ-ում այլևս չկա այն հասարակությունը, որին հնարավոր է էժանագին մանիպուլյացիաների միջոցով հրամցնել կեղծ տեղեկություն, ինչպես հարիր է տարիներ շարունակ սեփական իշխանությունը բռնության հիմքի վրա կառուցողներին։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված, իր հստակ ուղին բռնած պետության, նրա դավանած արժեքների, և այդ ամենին որպես այլընտրանք ներկայացվող կեղծիքի, էթիկայի տարրական կանոններին չտիրապետելու տարբերության, կարճ ասած ժողովրդավարության ու այդ արժեքները ոտնահարել փորձողների մասին։
