NASA-ի գիտնականները հայտարարել են, որ սկսվել է Արեգակի առավելագույն ակտիվության հերթական 11-ամյա շրջանը։ Համաձայն հաղորդման, երբ Արեգակը գտնվում է իր առավելագույն ակտիվության փուլում տիեզերական երեւույթները ավելի հաճախակի են դառնում։ Արեգակի ակտիվության արդյունքում արդեն ավելի հաճախ են երեւում բեւեռափայլերը։ Վերջին ամիսներին զգալի է նաեւ ենթակառուցվածքների եւ արբանյակների վրա այդ ակտիվության ազդեցությունը։ Արեգակնային ակտիվության շրջանում ավելանում են արեւաբծերը։
Հոկտեմբերի 3-ին արդեն տեղի է ունեցել ուժգին բռնկում Արեգակի վրա, որը գնահատվել է X դասի, այսինքն՝ առավել ինտենսիվ դասի։ Մոտ մեկ տարի Արեգակի առավելագույն ակտիվությունը կշարունակվի, որից հետո կսկսվի աստիճանական մարումը, նշում են գիտնականները։ Այդ ընթացքում հաճախակի են լինելու երկրամագնիսական փոթորիկները։
