Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը։
Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, մարզպետը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
«2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Գյումրու Շահումյան փողոցը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և երթևեկության համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհներից է, հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքների որակն ու պատշաճ կատարումը առանձնահատուկ նշանակություն ունեն։
Միջին նորոգումը հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել ճանապարհի ներկայիս վիճակը, այլև երկարացնել ասֆալտբետոնե ծածկի ծառայության ժամկետը՝ ապահովելով դրա ավելի երկարատև շահագործումը։Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը նույնպես արդյունավետ օգտագործելու հնարավորություն ունենք։
Այն տեղափոխվում և կիրառվում է քաղաքի այն հատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները և մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը գործնական լուծումներ տալ նաև այլ փողոցների խնդիրներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։Միջին նորոգման աշխատանքները շարունակվելու են Մուշ թաղամասում՝ հասնելով մինչև Կուրսի զբոսայգի, իսկ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերը փուլային եղանակով ընդգրկելու են քաղաքի տարբեր փողոցներն ու թաղամասերը։
