Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ձերբшկալված ուսուցչին առաջադրված մեղшդրանքը չափազանց լուրջ է. Ժաննա Անդրեասյան

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը դիմել է  իրավապահ մարմիններին՝ որոշակի տեղեկատվություն ստանալու համար»:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ապա նկատեց.

«Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որ հասկանանք ամբողջական պատկերը: Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել եմ, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվությունը տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»:

Անդերասյանի խոսքով՝ այն մեղադրանքը, որն առաջադրվում է չափազանց լուրջ է:

«Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են, բայց մնում են չլսված:

Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձհատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքի տեսանկյունից այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է  իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում