Մի կարճ հարց, որը հանրային լայն քննարկումների տիրույթում է այժմ

Մի կարճ հարց, որը հանրային լայն քննարկումների տիրույթում է այժմ։ Այսօր կրկին Ադրբեջանի նախագահը բողոքեց ԵՄ առաքելությունից, և միաժամանակ ադրբեջանական մամուլում տարածվել են ԵՄ առաքելության վերաբերյալ տեղեկություններ, իբրև թե ԵՄ առաքելությունն իր մանդատից դուրս գործունեությամբ է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում։ Կան արդյո՞ք քննարկումներ այժմ ԵՄ առաքելության երկարաձգման հետ կապված:
 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը. «Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործողություններով, գործունեությամբ առհասարակ, որոնցով օժտված է համապատասխան ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող:
Ես, որքանով տեղեկացված եմ, Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը: Մեր տեսանկյունը կարող եմ ասել. քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց և կայունություն, երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն, և դեռ կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկմանը և բոլոր տեսակի նաև կեղծ հրապարակումների ու կեղծ լուրերի փարատմանը:»
Նախարար Միրզոյանի պատասխանները պատգամավորների հարցերին ամբողջական.  https://www.mfa.am/…/2024/10/23/Mirzoyan_parliament/12906
Կիսվել սոց․ ցանցերում