Շոյգուն չի պատասխանել հարցին, թե արդյոք հետաքննություն է տարվում գեներալ Սերգեյ Սուրովիկինի նկատմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չի պատասխանել հարցին, թե արդյոք հետաքննություն է տարվում գեներալ Սերգեյ Սուրովիկինի նկատմամբ։ Գրել է Интерфакс-ը։

«Ի՞նչ է պատահել Սուրովիկինի հետ, և արդյոք նրա դեմ հետաքննություն է ընթանում»,- լրագրողները Շոյգուին հարցրել են ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով բանակցությունների արդյունքներին հաջորդած ասուլիսից հետո նրա հետ զրույցում։

Շոյգուն չի պատասխանել հարցին։

Գեներալ Սերգեյ Սուրովիկինը հանրության շրջանում չի երևացել հունիսի 23-ի գիշերվանից, երբ «Վագների» ստորաբաժանումները «արդարության երթ» էին սկսել դեպի Մոսկվա։ Այդ ժամանակվանից պաշտոնյաները և ՊՆ մամուլի ծառայությունը ոչինչ չեն հայտնել Սերգեյ Սուրովիկինի գտնվելու վայրի մասին։

Օգոստոսի 22-ին РБК-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Սուրովիկինն ազատվել է օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սուրովիկինը կշարունակի ծառայել պաշտպանության նախարարությունում, սակայն դեռ «կարճաժամկետ արձակուրդում» է։ Օգոստոսի 23-ին РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ գեներալ Վիկտոր Աֆզալովը նշանակվել է օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնակատար։

Այսօր լրագրող Քսենյա Սոբչակի հետ կապված Кровавая барыня տելեգրամյան ալիքում հրապարակվել է Սերգեյ Սուրովիկինի և նրա կնոջ լուսանկարը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ գեներալը «դուրս է եկել»։ «Ողջ, առողջ, տանը, ընտանիքիս հետ, Մոսկվայում»,- ասվում է գրառման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում