Այսօր գիշեր անհայտ անձինք կոտրել են Լոռու մարզի Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Նրանք վանքի մուտքի դռան փականը բացել են տեխնիկական միջոցի գործադրմամբ։
Ինչպես ոստիկանությանը հայտնել է վանքի վանահայրը, անհայտ անձինք տարել են 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով՝ հափշտակել են հավաքված հանգանակության գումարը։ Հետո երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
«Այնուհետև լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել լանջախաչը և սուրբ պսակի խաչը»,– հայտնել է վանահայրը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: