Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ընտրությունների նախնական արդյունքների, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին և 4-րդ անգամ կկարողանա կառավարություն ձևավորել։
Ընդդիմությունը և երկրի նախագահը հրաժարվում են ճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները և պահանջում են նոր ընտրություններ, բայց առանց ԿԸՀ-ի մասնակցության։
Քվեարկության ավարտից հետո երկու օր շարունակ իշխանությունների ընդդիմախոսները քննարկում էին, թե ինչպես վարվել։ Հոկտեմբերի 27-ին նրանք խորհրդակցություն են անցկացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պալատում։ Երեկոյան երկրի ղեկավարը ընդդիմության առաջնորդների հետ միասին մամուլի համար հայտարարություն էր արել՝ նշելով ընտրությունների արդյունքները կեղծիքների պատճառով չճանաչելու մասին և հանրահավաք հայտարարել։
Նախագահը ներկաներին երդվել է, որ կլինի նրանց հետ «մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասելը Եվրոպայի դռներին»։
Ինչ են պահանջում ընդդիմությունն ու նախագահը
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցել «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, ով կոալիցիայի անունից պահանջել է երկրում նոր ընտրություններ անցկացնել «միջազգային ընտրական վարչակազմի ղեկավարությամբ»։
Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ նկատի ունի վարչակազմ ասելով, սակայն, ըստ երևույթին, ցանկացել է ընդգծել, որ ընդդիմությունը չի վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Կառավարության հետ միակ բանակցությունները վերաբերելու են նոր ընտրությունների անցկացմանը միջազգային դիտորդների օգնությամբ»,- հավելել է նա։
Ցույցին եկել է նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը սկզբում հայտարարել էր միջոցառման մասին՝ հրավիրելով քաղաքացիներին մասնակցել դրան։ Նրան դիմավորել են վանկարկումներով:

Ցուցարարներին ուղղված իր ելույթում Զուրաբիշվիլին նշել է. «Մենք պայքարելու ենք ձեր ընտրելու սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար։ Հիմա հոռետեսության ժամանակը չէ, հիմա կարևոր է հանգիստ և գլուխները բարձրացրած պաշտպանել մեր ձայները»։
Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանք եղել են Վրաստանի, Եվրամիության և անգամ Ուկրաինայի դրոշներով։
Ի տարբերություն վրացական նախորդ բուռն ցույցերի, այս անգամ ցուցարարները բավական հանգիստ են եղել: Խորհրդարանի շենքի մոտ նրանք կանգնածեն եղել ոստիկանական գծից ընդամենը կես մետր հեռավորության վրա և բոլորը միասին դիտել քաղաքական գործիչների ելույթները։ Երբեմն ոստիկաններն ու ցուցարարներն անգամ կարճ զրույցներ են փոխանակել:
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը դժգոհ են ընտրությունների արդյունքներից
Reuters-ի ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Եվրամիությունը «հիասթափված է» ընտրությունների արդյունքներից:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել լիարժեք հետաքննել ընտրությունների խախտումների մասին հաղորդումները։
Նա նշել է, որ միջազգային դիտորդները ընտրությունների արդյունքներն արդար ու ազատ չեն հայտարարել։
Ամբողջը ՝ https://www.armtimes.com/hy/article/299340
