Ինչպես Վրաստանում կզարգանան իրադարձությունները, ինչու ՀՀ-ն շնորհավորեց «Վրացական երազանքին». մանրամասնում է վրացագետը

Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ հարևան երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում, տեղի ունեցած ընտրությունների հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 27-ից, Թբիլիսիի կենտրոնում երկրի ընդդիմության ու նախագահի առաջնորդած պայքարի վերջնարդյունքը դժվար է կանխորոշել։

Նա կարծում է, որ անգամ բողոքի ցույցեր իրականացնող կողմերը չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում։

«Այսօր մենք տեսնում ենք մի միտում, երբ ընդդիմության շարքերում երևացող միասնականությունն էլ ռեալ չէ։ Ճիշտ է, նախագահն առաջնային դիրքերում է երևում, հայտարարություններ անում, արտաքին խաղացողների հետ կապ պահում, սակայն դա չի նշանակում, որ եթե վաղն իրավիճակի հետ կապված որևէ բան փոխվի, իրենք խնդիրներ չեն ունենա։ Ցույցերի մասով դեռ օգուտ չկա, պրոցեսները ավելի շատ կակտիվանան արտաքին գործոնի ազդեցությամբ կամ այլ գործողություններով, օրինակ, երբ որոշեն վերանայել առանց վիզայի ռեժիմը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում նա:

Վերջինս նկատում է՝ Արևմուտքի հորդորը հիմա ոչ միայն ընտրված իշխանությանն է, այլ նաև ընդդիմությանը, և չի բացառվում, որ ընտրությունների արդյունքից դժգոհող ուժերը որոշեն գնալ խորհրդարան և այնտեղ Սահմանադրությամբ պայքարեն իշխանության դեմ․ ««Վրացական երազանք»-ը ստացել է իր տոկոսը, եթե վերջնական գնահատումը չֆիքսի, այսինքն՝ գնահատական չտրվի, թե ինչքանով են խախտումները ազդել ընտրության արդյունքների վրա, իմ կարծիքով՝ շատ լուրջ խնդիր կունենա ընդդիմությունը ապացուցելու, որ իշխանությունը իրենց հաղթանակը խլել է։ Երևում է նաև, որ Արևմուտքի ոչ բոլոր պետություններն են, որ նույն քաղաքականությամբ են փորձում ճնշում գործադրել ընտրված իշխանության վրա»։

Ուստի, ըստ վրացագետի, Արևմուտքը եթե տեսնի, որ բողոքի ցույցերը որևէ կերպ չեն օգնում, կգնա հարաբերությունների թարմացման։ Զրուցակիցը կարծում է, որ այս պարագայում հարաբերությունները կկարգավորվեն փոխզիջումներով, քանի որ պատմության մեջ նշված հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են։

Միևնույն ժամանակ Մելիքյանը նկատում է, որ Վրաստանը կարող է անտեսել Արևմուտքից եկող հայտարարությունները, Բայդենի կոչերն ու մնացած գործողությունները։

«Եթե չէր կարող դա անտեսել 2020 թվականին, ապա այսօր կարող է, քանի որ այժմ շատ բան է փոխվել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջացած խնդիրների կողքին Վրաստանի ղեկավարությունը սկսեց ավելի զուսպ ու հավասարակշռված քաղաքականություն վարել, չհրաժարվեց Եվրոպական ուղուց, բայց քանի որ իր դաշնակիցները գնացին մի ուղով, ճնշումներ գործադրվեցին պաշտոնական Թբիլիսիի վրա, հետևաբար այս ամենը առաջացրեց այս վիճակը»,- ընդգծում է նա։

Վերջինս շեշտում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները, ընդդիմությունը և Արևմուտքը խնդիրները լսելու, գնահատելու փոխարեն գնացել են վա բանկ․ «ԲայդենիԲորելի ու Միշելի հայտարարությունները կտրուկ չեն, քննադատություն կա, բևեռացումը ֆիքսվում է, խնդիրները երևում են, բայց չի ասվում, որ ընտրությունները արդար ու թափանցիկ չեն եղել, ու որ խախտումները կտրուկ փոխել են արդյունքները։ Այս առումով գուցե տեղ են թողնում, որ երբ անտեսվի Արևմուտքի կարծիքը, Արևմուտքը իր դիրքերը չզիջի Վրաստանում, որովհետև Վրաստանում զիջելով՝ նա դրանք կթուլացնի նաև տարածաշրջանում, և այստեղ հայ-եվրոպական հարաբերություների վրա դա անուղղակիորեն կազդի»։

Վրացագետը ընդգծում է, որ Արևմուտքի ու Վրաստանի հարաբերությունները որևէ կապ չունեն Հայաստանի հետ, այստեղ խնդիրն այլ է․ «Թբիլիսին 12 տարի առաջ վերանայեց իր քաղաքականությունն ու դարձավ ռուսամետ, բայց մեկ տարի առաջ անդամակցության թեկնածություն է ներկայացրել, ու այս ֆոնին Արևմուտքի հետ հարաբերությունների նվազեցումը չի կարող չազդել տարածաշրջանում։ Չես կարող իզոլացված լինելով՝ ակտիվ աշխատես մի ուղղությամբ, որի հիմքերը չունես։ Այսինքն՝ մենք ունենք Թուրքիա, որը տասնյակ տարիներով ԵՄ թեկնածու է, բայց սպեցիֆիկ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, Ադրբեջանի հարցը, բացի նավթ ու գազ վաճառելուց, օրակարգում չի քննարկվում, եթե Վրաստանն էլ նմանատիպ հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ, ապա Հայաստանի համար շատ դժվար կլինի շարունակել քաղաքականությունը Եվրամիության հետ»,- ասում է նա։

Այսինքն, բանախոսի դիտարկմամբ, Վրաստանի որոշումը՝ հրաժարվել Արևմուտքից, մնալ տարածաշրջանում կամ էլ Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհով գնալ, Հայաստանին կսահմանափակեն որոշ հարցերում։

Միևնույն ժամանակ վրացագետը կարծում է, որ հարևան երկրի ընտրված իշխանությունները շահագրգռված չեն կտրուկ փոփոխությունների և հնարավորություն ունեն Արևմուտքի հետ աշխատել բարենպաստ պայմաններում։ Նրա խոսքով՝ այս պայմաններում վրացական կողմի բոլոր ներկայացուցիչները պետք է մանևրելու ճանապարհով գնան, հակառակ դեպքում ամեն բան ճակատագրական կարող է լինել։

«Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին, ապա տարվա սկզբում մենք նրանց հետ ունենք ստորագրված ռազմական փոխգործակցության հուշագիր։ Վրաստանի հետ հարաբերությունների դինամիկան դրական է։ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք մենք առաջընթաց ունենք հայ-վրացական հարաբերություններում։ Այսօրվա մեր իշխանությունն ու նրանց իշխանությունները գործընկերներ են։ Այն անձինք, որոնք քննադատում են իշխանություններին «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ ՀՀ-ի կողմից շնորհավորելու փաստը, պետք է փորձեն ՀՀ պետական շահերից դիտարկեն ամեն ինչ, եթե այդպես անեն, ապա կստանան բոլոր հարցերի պատասխանները»,- հավելում է Մելիքյանը։

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում