Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել երևանցիներին հայտնի «չարաբաստիկ» ճանապարհներից մեկում։ Ժամը 15:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են հիվանդանոց տեղափոխվել «Mazda»-ի վարորդի և վթարի պատճառով պոկված քարերի շպրտվելու հետևանքով վնասված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում էր գտնվում նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով նկարահանում էր վթարը ու խոստացավ, որ խնդրի մասին գրություն է ուղարկելու Երևանի քաղաքապետարան, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ճանապարհի կահավորման ուղղությամբ։
