Նոյեմբեր 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 25 483 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 13 837-ը: Այսինքն, բռնի տեղահանությունից հետո նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել 12 006 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
ԱԱԾ-ն տրամադրել է նաև հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը․ hոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 24 814 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել է՝ 12 954-ը։ Բացասական սալդոն կազմում է 11 860 մարդ։
ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին «Ինֆոքոմ»–ին հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ:
