Հարց բարձրացավ, թե ով է հերոսը եւ ոնց է այն բնորոշվում. Խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին սահմանը պահող կամավորի ու կամաբվորության հետ. սկզբունքորեն սրա մեջ ոչ մի սխալ բան չկա, այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը «ընդամենը» օրենքով սահմանված գործունեության դրսեւորում դիտարկելը ինքնին ապապետական ընկալման հետեւանք է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խոսքը «կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում: Այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի: Այդ կամավորը պետության չգոյության սիմվոլն է:
Այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության ետ: Բացի այդ, այսօրվա կամավորը այն կամավորից տարբերվումէ նրանով, որ շաշափելի վարձատրություն է ստանում բյուջեից»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց, որ իհարկե, հերոսություն է սահմանների պաշտպանությանը մասնակցելը, բայց հարցն այլ տեղ է. «Բա եթե զինվորը սնունդ չունենա, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, մեքենա չունենա, գրագետ սպա չունենա, կապի միջոց ու ինժեներական կահվորում չունենա, ինչպե՞ս պաշտպանի երկիրը եւ հերոսություն անի: Առանց այս ամենի կամավորը չի կարող հերոսություն անել:
Այս ամենը ապահովելու համար պետք են եկամուտներ, որը ապահովում է հարկեր վճարող քաղաքացին: Առանց այդ քաղաքացու ոչ պետություն կարող է լինել, ոչ էլ հերոսություն: Հետուաբար, ակնհայտ է, որ պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է»«- հայտարարեց վարչապետը:
