Lragrogh.com-ի խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Արգավանդի բնակիչ Ալիկ Մարգարյանը: Արգավանդի մի խումբ բնակիչների ստորագրությամբ նա բողոք է ներկայացնում անհատ ձեռներեց Գեւորգ Մարգարյանի դեմ: «Հարեւանս` Գեւորգ Մարգարյանը, անհատ ձեռներեց է, ունի ՍՊԸ, հողամաս է գնել, հին տունը քանդել է, նոր տուն է կառուցել` ներս ընկած, դեպի իմ հողամասը: Իսկ կենտրոնական ճանապարհին գտնվող երկու մետր, կես լայնության ոռոգման ջրատարը հանել է, մտցրել մայթի տակ: Այդպես նա մեծացրել է իր հողային տարածքը, շրջակայքը քարուքանդ արել, ահավոր վիճակ ստեղծել: Ես դիմել եմ գյուղի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանին, սակայն` անօգուտ:
Զանգել եմ Մասիսի համայնքապետարանի թեժ գիծ, 230 անգամ զանգել եմ` չեն պատասխանել, 231-րդ անգամ պատասխանել են, թե արձակուրդի մեջ են, փոխարինող էլ չունեն: Հետո զանգել եմ կառավարության թեժ գիծ, ասացին, որ գրություն ուղարկենք: Ես էլ ասացի, որ գրությունն ուղարկենք, ընթացք չի ունենալու, քնեցնելու են»,- պատմում է Ալիկ Մարգարյանը: Ալիկ Մարգարյանն ասում է, որ մինչեւ երկուշաբթի օրը Արգավանդի բնակիչները սպասել են, թե երբ են իրենց այցելելու Արգավանդ վարչական շրջանի ղեկավարն ու Մասիս համայնքի ղեկավարը`Դավիթ Համբարձումյանը: «Ճանապարհը փակել են, մարդիկ կենտրոնական փողոցով են ելումուտ անում, թող գան, ժողովրդին պատասխան տան, ինչո՞ւ չեն գալիս »,- ասում է մեր զրուցակիցը եւ հավելում, որ շինարարական թույլտվությունը տվել է Մասիսի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետը: Մինչ այժմ, սակայն, ըստ նրա, Արգավանդի բնակիչներին ցույց չեն տվել, թե դա ինչ շինթույլտվություն է: Արգավանդի բնակիչները պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Թագուհի Հակոբյան
