Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և կատարել խոշոր չափի գողություն:

Նույն հասցեի բնակիչ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել իր տուն և այնտեղից գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ, կանացի պայուսակ, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, 50 լարի, 150 հազար դրամ, անձնագիր և իր՝ Վրաստանի սոցքարտը:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանքը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կիսվել սոց․ ցանցերում