Ինչն է, որ չեն գրում Չարենցի մասին։ 1936 թվականին արդեն պետք չէր գնդակահարել Չարենցին, բավական էր նրան չբուժել։
Չարենցը մորֆի էր օգտագործում առնվազն 1929 թ.-ից, երբ վիրահատվեց Լենինգրադում և տեսավ թմրանյութի կախարդական ազդեցությունը։ Նա սուր ցավ էր ձևացնում հիվանդանոցում, որպեսզի բուժքույրերը գթան ու լրացուցիչ սրվակ ներարկենշ և նրանք գալիս — ներարկում էին։
Հիվանդանոցից հետո արդեն ինքն էր հայթայթում մորֆին, որը նրան մոռացնել էր տալիս տառապանքը՝ իրեն մեղավոր էր համարում Արփիկի մահվան համար, արտարգանդային հղիությունից, 1927 թ. հունվարի 2-ին։ Ճիշտ է, մեղավոր էր կողմնակի կերպով։ Սիրահարվել էր մի աղջնակի՝ Մարիաննա Այվազյանին, 1926-ին, երբ Արփիկը Լենինգրադ էր մեկնել սովորելու, ամուսնության առաջարկ էր արել, փողոցում, հարբած, հետո կրակել հեղափոխական բանաստեղծի իր ատրճանակից ու թեթևակի վիրավորել։ Բակունցը կողքին էր, փրկեց Չարենցին ինքնադատաստանից, բայց նա հայտնվեց Ուղղիչ տանը։ Արփիկը վերադարձավ Լենինգրադից՝ ուսումը կիսատ թողած, եկավ այցելության Ուղղիչ տուն… Երբ նրան վիրահատում էին, Չարենցը հոգեբուժարանում էր, ուր նրա բարեկամների միջնորդությամբ նրան տեղափոխել էին բանտից, շուտ կալանքից ազատելու համար։
Բայց արժանահավատ է թվում մեկ այլ վարկած ևս։ 1915 թ.-ին Չարենցը համառել էր այնքան, որ իրեն որպես մարտիկ տարել էին ռազմաճակատ՝ հայկական կամավորական գնդի կազմում։ 18-ամյա Չարենցին սկզբում չէին ընդունել՝ կարճ հասակի պատճառով, միայն որպես սանիտար՝ սվինավոր հրացանը իրենից բարձր էր։ «Դանթեական առասպել» պոեմում (1916) նկարագրված մղձավանջը բավական է, որ մարդը դա դարմանելու դեղ փնտրեր, իսկ ռուսական բանակի խրամատներում մորֆին թափված էր՝ ցավազրկելու համար վիրավորներին, մինչև բժշկի մոտ կհասնեին։
Աղասի Խանջյանը, որ Հայաստանի ղեկավարն էր, կարողացել էր 1935-ին Ստալինի համաձայնությունը պոկել, որ Չարենցին ուղարկեն Փարիզ, որտեղ բացվել էր աշխարհի առաջին կլինիկան, որը բուժում էր մորֆինիզմը վերջին՝ III ու IV փուլերում։ Չարենցն արդեն ստացել էր արտասահմանյան անձնագիրը, սպասում էր ֆրանսիական ֆրանկներին, որ մեկնի, բայց 1936-ի հուլիսին Լավրենտի Բերիան՝ Անդրկովկասյան ֆեդերացիայի ղեկավարը իր առանձնասենյակում սպանեց Խանջյանին (որին Չարենցը կոչում էր «նաիրյան Դոֆին»), և նրա ուղևորությունը խափանվեց։
Չարենցին բանտարկեցին ավելի ուշ, քան Բակունցին, Գուրգեն Մահարուն։ Նախ՝ նրա հռչակի պատճառով։ Նա 30 տարեկանից գրականության դասագրքերում էր։ Ապա, ինչպես արդեն գրեցի՝ հույս ունեին, որ հյուծված մարմինը չի դիմանա, որ մորֆի չի հայթայթի։ Բայց 1936-ին, հայրենիք էր վերադարձել Ավետիք Իսահակյանը՝ հայկական գաղութային կյանքից տանջահար։ Նա եզակիներից էր, որ համարձակվում էր հանդիպել Չարենցին, անգամ նրան մորֆի էր հասցնում։ 1937 թվականի մարտին Հայաստանի գրողների միության վարչության նիստին Ազատ Վշտունին բողոքում է՝ բավական չէ, որ Չարենցը ազատ շրջում է, երբ իր գլխավորած հակահեղափոխական խմբակի անդամները նստած են, դեռ մի բան էլ կան մարդիկ, որոնք նրան այցելում ու մորֆի են տանում։ Իսահակյանը չանտեսեց ակնարկը։ Չարենցը իմ ընկերն է, և նա հիվանդ է։ Ես ձեր՝ բոլշևիկներիդ նման չեմ, որ այսօր սրա հետ ընկերություն անեմ, վաղը՝ նրա, պետք է օգնեմ։ Անհավատալի կթվա Իսահակյանի խոսքը նրանց, ովքեր մի փոքր պատկերացում ունեն ստալինյան ահաբեկությունների շրջանի մասին, որ կիզակետին էր 1937-ը, բայց վարչության նիստի մեքենագիր արձանագրությունը կա, գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, կարող եք գնալ-կարդալ։
Ի վերջո, Չարենցին բանտարկեցին։ Նա տնից դուրս էր գալիս հազվադեպ, բայց երբ դուրս էր գալիս, մարդիկ վախենում էին բարևել, բայց բոլորը, երթևեկությունը անգամ, կանգ էր առնում։ Ժամանակակիցներից մեկը դա կոչել է լուռ օվացիա։
Բանտում երկար ժամանակ նա դրսի հետ կապ չուներ, բայց հետո… բոլշևիկյան բանտ՝ կալանավորներին դեռ համազգեստ չէին տալիս, թույլատրեցին հագուստները ինչ-որ հաճախականությամբ տուն ուղարկել՝ լվանալու…
Շարունակությունը կգրեմ մի քանի ժամից։

