21-րդ դարը համարվում է տեխնոլոգիաների դարաշրջան, և աշխատանքների մեծ մասը կապ ունեն համակարգիչների, ամենատարբեր գաջետների կիրառման հետ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են տեսողական և ակնաբուժական խնդիրներ:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Անուշ Ղարիբյանի հետ:
— Տիկին Ղարիբյան, տեսողական խնդիրների առաջացման հիմնական պատճառները որո՞նք են:
— Տեսողական խնդիրների առաջացման պատճառները բազմաթիվ են, մեծ խումբ են կազմում տարիքային փոփոխությունները/կատարակտ-ոսպնյակի պղտորում, ցանցաթաղանթի ախտահարումներ-տարիքային մակուլոդեգեներացիա, տարիքային պրեսբիոպիա, այն է՝ 40 տարեկանից հետո մոտ տարածությունում տեսողության վատացում, համակարգային հիվանդությունների/շաքարային դիաբետ, ռևմատիկ հիվանդություն, վահանագեղձի ախտահարումներ և այլն: Իհարկե, էկրանները, լինելով բոլորիս առօրյայի անբաժան մաս, չեն կարող ազդեցություն չունենալ տեսողական համակարգի վրա։ Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը, որ կարող է ունենալ, էկրանային ժամանակի չարաշահումը, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումն է, այն է՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև /2 ժամ և ավելի/ ճառագայթման պատճառով քնի խանգարումներ, իսկ փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն առանց հանգստի կամ պաշտպանիչ միջոցների։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են դառնալ նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։
— Օրվա ընթացքում քանի՞ ժամ կարելի է անցկացնել համակարգչի առջև, եթե երկար ժամանակ են անցկացնում, ապա աչքի ի՞նչ վարժություններ պետք է կատարել, պաշտպանիչ մեթոդներ կիրառել:
— Էկրանային ժամանակի սահմանափակման հստակ ուղեցույցներ չկան, կարևոր է պահել տեսողական հիգիենան՝ 20-20-20-երի կանոնը: Ցանկալի է պարբերաբար դադար տալ. յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայել 20 ֆութ (6 մետր) հեռավորության վրա, հայացքը ուղղել սենյակի ամենահեռու կետին, այնուհետև մոտիկ գտնվող տարածքին և այդպես մի քանի անգամ: Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոցներ։
— Գիտենք, որ մեր հասարակությունը սովոր չէ դիմել բժշկի ամենատարբեր խնդիրների դեպքում: Տեսողական խնդիրների պարագայում նման խնդիր կա՞, մարդիկ ո՞ր փուլում են Ձեզ դիմում:
— Իհարկե, ակնային գանգատները բացառություն չեն, և պացիենտները հաճախ դիմում են ակնաբույժին արդեն ուշացած փուլերում: Միաժամանակ տեսողության վատացման գանգատը հիմնականում վախեցնում է մարդկանց, և նրանք դիմում են մեզ ավելի շուտ, քան այլ հիվանդությունների կամ գանգատների դեպքում։
— Համեմատելով նախորդ տարիների տվյալների հետ՝ պացիենտների քանակը գնալով ավելանո՞ւմ է, թե՞ հակառակը. ո՞ր տարիքային խմբերն են ամենաշատը դիմում տեսողական խնդիրների գանգատներով:
— Ակնային հիվանդություններով պացիենտների քանակը գնալով ավելանում է: Նաև նկատում եմ որոշ տարիքային համարվող հիվանդությունների երիտասարդացում, այսինքն՝ հիվանդությունը սկսում է առաջանալ ավելի վաղ տարիքում։ Նման գանգատներով դիմում են ամենատարբեր տարիքային խմբեր՝ թե՛ երեխաներ, թե՛ պատանիներ և թե՛ տարեցներ:
— Ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի, կամ հասկանալ, որ կա հստակ տեսողական խնդիր, որո՞նք են ախտանշանները:
— Ակնաբույժին շտապ դիմելու նշաններն են՝ տեսողության կտրուկ վատացում, կայծեր աչքի առաջ, հայտնվող լողացող պղտորումներ, ցավ աչքերում։
— Որո՞նք են ամենատարածված տեսողական խնդիրները, ինչո՞ւ և ինչի՞ հետևանք կարող են դրանք լինել:
— Ամենատարածվածներից են ռեֆրակցիոն խնդիրները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, այս դեպքում հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է, և, իհարկե, տեսողական հիգիենայի խախտումը: Մեկ այլ մեծ խումբ են կազմում տարիքային հիվանդությունները՝ կատարակտ, մակուլոդեգեներացիա, տարիքի հետ մեծանում է նաև գլաուկոմայի զարգացման հավանականությունը։ Իսկ շաքարային դիաբետով պացիենտների մոտ հաճախ զարգանում է դիաբետիկ ռետինոպաթիա հիվանդությունը: Շատ տարածված է Չոր աչքի համախտանիշը:
— Ինչպե՞ս կանխել կամ նվազագույնի հասցնել տեսողության խանգարումներն ու ամենատարբեր խնդիրները:
— Պարբերաբար հետազոտվել և ամբողջությամբ հետևել ակնաբույժի նշանակումներին, չանտեսել գանգատները, ժամանակին այցելել բժշկի, հետևել աշխատանքային ճիշտ դիրքին համակարգչի առջև, խուսափել շատ մոտ հեռավորությունից կարդալ կամ աշխատել, օգտագործել արհեստական արցունքներ չոր աչքերի համար, տարեկան ստուգում անցնել ակնաբույժի մոտ։
— Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել տեսողական խնդիրները չբուժելու դեպքում:
— Որոշ ականային հիվանդություններ ուշ ախտորոշվելու, չբուժելու հետևանքով կարող են բերել անդառնալի կուրության, դրա համար ակնային գանգատները չպետք է անտեսել և հիշել՝ կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան բուժումը, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել աչքերի առողջությանը և խնդրի հենց սկզբնական փուլում դիմել բժշկի:
