Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով ավտոբուսի վարորդների բարձրացրած խնդիրները լուծելու շուրջ քննարկումներ սկսելու հարցին, նշել է, թե նման պայմաններում չեն պատրաստվում հարցեր քննարկել։
«Երբ շատ պայմանական ասած, եթե ինչ-որ մեկը մտածում է՝ պետք է ատրճանակը գա դնի քաղաքային ղեկավարության գլխին, ու ասի հենց հիմա աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք կրակի։ Ասելու ենք կրակի, մենք էլ տեսնենք այդ կրակելու հետևանքները ինչպես են վրա հասնում»,- նշել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կա խոսելու ձև, կա մթնոլորտ, և համապատասխան մթնոլորտում պատրաստ են քննարկումներ ծավալել։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Ըստ այդմ՝
«ՄԱՆ» — 401,500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» — 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» — 219,500 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
