Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծ եծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ի՞նչ է փրայմըրիսը։

Կառավարության ղեկավարը մանրամասնեց. «Նախնական ընտրություն կամ նախնական քվեարկություն տերմինը, գաղափարը կապ ունի օրենսդրական անհրաժեշտության հետ։

Քննարկելով ՔՊ կուսակցության վարչության հետ՝ եզրակացության եկանք, որ լավ առիթ է, որ ներդնենք ժողովրդավարական ևս մեկ ինստիտուտ, երբ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել և որոշում կայացնել, ու իմ առաջարկը գյումրեցիներին դա է։ Այս պահին ունենք յոթ թեկնածու, և առաջիկա կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրը ՔՊ ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական քվեարկություն, և պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն՝ բացատրելով դրա իմաստը:

«Մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվեարկություն և դրանց արդյունքներով հաղթած թեկնածուհին կնշանակենք Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել էր երկրի ղեկավարը:

ՀՀ վարչապետը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան էլ հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։

Կիսվել սոց․ ցանցերում