ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել պատգամավոր Դավիթ Առուշանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
