Միհրանյանը հպարտ է՝ հանուն ՌԴ-ի է դուրս շպրտվել հայրենիքից, Արա Աբրահամյանի մուտքն էլ պիտի արգելվի. Սուքիասյան

Քրիստոնեա-ժողովրդվարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը ողջունելի է համարում ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու վրա արգելք սահմանելը, նրան ՀՀ-ում անցանկալի անձ համարելը:

«Որովհետև սա պետության դրսևորման ատրիբուտներից մեկն է: Պետությունը ցույց է տալիս ինքնիշխանության հատկանիշներ և արժանապատվություն, նաև տեր է կանգնում ՀՀ Սահմանադրությանը, որովհետև այդ մարդը հայկականության հատկանիշներով, խեղաթյուրված ինքնությամբ ռուս մարդ է, որը ՀՀ ինքնիշխանության և նաև ժողովրդի ընտրած իշխանության նկատմամբ տարածում է ատելություն, անհանդուրժողականություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե ՀՀ-ն այս քայլին է գնացել «Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով»՝ վերջինս նկատում է. «Ինչքան ՀՀ-ն ցույց տա ինքնիշխանության հատկանիշներ, մեղադրվել է, մեղադրվում է և մեղադրվելու է Թուրքիայի և Ալիևի շահերը սպասարկելու համար, և սա հիմնականում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների փիլիսոփայության մեջ է: Երբևէ չեմ լսել, որ Իտալիայից որևէ հայի մուտքը արգելվի, Հայաստանը մեղադրվի Թուրքիայի կամ Ալիևի շահերը սպասարկելու համար: Ակնհայտ է, որ այս տեսակ մեղադրանք ներկայացնողները իրենք են գլխավորապես Թուրքիայի, Ալիևի և առաջին հերթին Ռուսաստանի շահերը սպասարկող հակահայաստանյան տարրեր»:

Զրուցակցի խոսքով՝ Անդրանիկ Միհրանյանը «ինքնագիտակցությամբ հայ չէ». «Այդ մարդու ազգանունն է յան, անունն է Անդրանիկ, բայց նա ինքնագիտակցությամբ փչացած մարդ է, որը Հայաստանի, հայ ժողովրդի հետ ոչ մի տեսակի կապ չունի: Հետևապես, ճիշտ է ՀՀ իշխանությունը վարվել և ողջունելի է ու պիտի շարունակի: Ինքը Կրեմլի ճորտն է, իր նման ճորտ Կրեմլը հազարներով ունի: ԼՂ-ից դուրս շպրտվեց, Սիրիայից, հիմա նեղն է ընկել, եղած-չեղածը հանել, դուրս է գցել, իր լեշով ընկնել է Հայաստանի ջանին ՌԴ-ն»:

Սուքիասյանի կարծիքով՝ Միհրանյանը, որպես ֆիգուր, ոչ մի բան չի ներկայացնում, սակայն ՀՀ-ում ունեն երկրպագուներ, որոնց պիտի ոգեշնչեն, ցույց տան, որ իրենց «Ռուսիան դեռ չի մեռել»: Նույնիսկ եթե ֆիգուր էլ չլինի, այդ մարդը ՀՀ պետականության, պետության դեմ, մեր ժողովրդի մեծամասնությանը շատ վտանգավոր և շատ արատավոր պիտակներ տվող մարդ է: Ենթադրում եմ՝ հպարտանում է, որովհետև ինքն իր արքետիպային հայրենիքից շպրտվել է դուրս հանուն իր իրական հայրենիքի՝ ՌԴ-ի: Սա իր համար գովերգելի բան է՝ շպրտվել ՀՀ-ից դուրս հանուն ՌԴ-ի»:

Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու պատրվակով բողոքում՝ ոռնոց է բարձրացնում ՀՀ վատթարագույն անցյալը. «Սա նշան է ՀՀ առողջացման, ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և մեր պետության արժանապատվության»:

Քրիստոնեա-ժողովրդվարական կուսակցության փոխնախագահն առաջարկում է ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը ևս արգելել ՀՀ:

Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չէին տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում նրան հայտնել էին, որ մուտքը Հայաստան արգելված է։

Կիսվել սոց․ ցանցերում