Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:
4-րդ դասարանի աշակերտները մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցել
«Չափորոշչի ներդրմամբ, իհարկե, զգալի առաջընթաց արձանագրել ենք, բայց նաև պետք է հետևողական աշխատանքը շարունակենք՝ դրական միտումները կայուն արդյունք դարձնելու համար: Վերջերս նաև «TIMSS»-ի նոր արդյունքները հրապարակվեցին, որոնք ցույց են տալիս՝ 4-րդ դասարանում սովորող աշակերտներն արդեն իսկ մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցում: 2019 թվականին մեր երեխաները գրանցել են միջինում 498 միավոր, իսկ այժմ՝ 513, ինչը նույնպես լավ նորություն է: Բնագիտական առարկաների առումով դեռևս չենք տեսնում ցանկալի առաջընթացը, բայց դա նաև այն պատճառով, որ ունեինք ենթակառուցվածքների լուրջ խնդիր: Պետության կողմից բոլոր դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրման մեծածավալ ծրագիր է իրականացնում:
«TIMSS»-ի արդյունքները նաև ցույց են տալիս, որ բնագիտության ուղղությամբ կրճատվում է նվազագույն շեմը չհաղթահարող երեխաների թիվը 4-րդ դասարանում, որը ևս դրական նորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
