ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը թռել է Ղազախստան՝ Մոսկվա հասցնելու Ակտաուում մարդատար ինքնաթիռիկործանման ժամանակ վիրավորում ստացած ՌԴ քաղաքացիներին:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի անունից ԱԻՆ հատուկ չվերթ է իրականացվել Մոսկվայից դեպի Ակտաու։ Արտակարգ իրավիճակների վարչության ավիացիան կիրականացնի Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով տուժած ՌԴ քաղաքացիներիտարհանում»,- հայտնել են նախարարությունից:
Ինքնաթիռը հագեցած է բժշկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա թռիչքի ընթացքում տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:
