Չնայած անցած երկու տարվա ընթացքում մերձքաղաքային տրանսպորտի սակագինը բարձրացրեցին` պատճառաբանելով, թե այսուհետ սպասարկումը կլինի ավելի որակյալ, մարդիկ դռներից մի կերպ կախված չեն հասնի տուն կամ աշխատանքի, սակայն իրականությունն այսօր այլ է:
Lragrogh.com-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու է շարունակում մերձքաղաքային տրանսպորտի սպասարկումը հատկապես պիկ ժամերին շարունակում մնալ խնդրահարույց: Որպես օրինակ` նշել էինք Երեւան-Աբովյան երթուղու սպասարկումը:
«Հայտնում ենք, որ Կոտայքի մարզում ներդրվել է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում մարզի բոլոր համայնքներն ապահովված են տրանսպորտային սպասարկմամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 09.02.2023թ. N 248-Ա հրամանով հաստատվել են Կոտայքի մարզի միջմարզային եւ ներմարզային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները, այդ թվում` Աբովյան-Երեւան թիվ 259 եւ 261 միջմարզային երթուղիներինը:
Համաձայն հաստատված չվացուցակի` 259 երթուղու երթերի քանակը 78 է, շրջապտույտների քանակը` 39, իսկ 261 երթուղունը` 48 շրջապտույտ եւ 96 երթ: Միասնական երթուղային ցանցի երթուղիների չվացուցակները մշակվեկ են` հաշվի առնելով ուղեւորահոսքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ երթուղու ուղեւորահոսքի հետ կապված հարցերը քննարկվել են փոխադրող կազմակերպության հետ, եւ փոխադրող օպերատորը հավաստիացրել է, որ Երեւան-Աբովյան միջմարզային երթուղու սպասարկումը պիկ ժամերին իրականացնում է հնարավորինս համապատասխան:
Նշենք, որ երթուղիների սպասարկման որակի հետ կապված հարցերը նախարարությունը պարբերաբար քննարկում է սպասարկող օպերատորի հետ:
Հայտնում ենք նաեւ, որ ընկերությունը ձեռք է բերել նոր տրանսպորտային միջոցներ Կոտայքի մարզի միասնական երթուղիների համալրման նպատակով: Ներկայումս այդ ավտոբուսներն անցնում են տրանսպորտային միջոցի տիպի հաստատման (անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգման) գործընթաց, որի ավարտից եւ համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո` այդ ավտոբուսները կհամալրվեն Կոտայքի մարզի միասնական երթուղիներում»,- արձագանքել են մեզ նախարարությունից:
Թագուհի Հակոբյան
