Հարկատուին ոչ թե պետք է հերոս հռչակել, այլ` լրացուցիչ բեռ չդնել նրա ուսերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. առաջին աշխատանքային օրվա առթիվ հղած իր ուղերձում, ի մասնավորի, նշում է, որ`«աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է »:
Սա շատ կարեւոր ուղերձ է, եթե նկատի ունենանք, որ իշխանությունների քայլերը վերջին շրջանում ուղղված են հարկերը բարձրացնելուն: Հիշում եք, թե տարեվերջին ինչպես էր ԱԺ-ում քննարկվում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » 2024թ. հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Քննարկումը վերաբերում էր մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:
Եվ երկրի թիվ 1 հերոս հռչակելով հարկեր վճարող ՀՀ քաղաքացուն` իշխանությունը նրա ուսերին ծանր բեռ է դնում: Հարկեր վճարող քաղաքացին տեսնում է, որ իր վճարած հարկերից շռայլորեն օգտվում են պետական պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները, որոնք ճոխ պարգեւավճարներ են ստանում, երթեւեկում թանկարժեք ավտոմեքենաներով:
2018թ. իշխանափոխությունից հետո սոցիալական ցանցերում նկարներ էին տարածում, թե ինչպես է այն ժամանակվա ՀՀ կրթության եւ գիտության նախարար, այժմ` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մետրոյով աշխատանքի գնում առավոտյան` թերթը ձեռքին: Շատ արագ նորընծա իշխանությունները մոռացան մետրոն էլ, իրենց երբեմնի համեստ կյանքն էլ եւ սկսեցին երթեւեկել թանկարժեք ավտոմեքենաներով:
Քավ լիցի, մենք չենք կարծում, որ նախարարը պետք է մետրոյով կամ ոտքով աշխատանքի գնա, ցածր աշխատավարձ ստանա, բայց պատերազմի ծանրությունն իր ուսերին կրող, աղքատիկ բյուջե ունեցող երկրում նախկին իշխանություններին նմանակող ճոխություններ թույլ տալն էլ է դատապարտելի: Կարելի? է, չէ?, կրճատել պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թիվը, խնայողաբար մոտենալ բյուջեին, ոչ թե մտնել հերոս հռչակված հարկատուի գրպանը:
lragrogh.com լրատվականը թեմայի հետ առնչվող կազմակերպությունների, ընկերությունների և առհասարակ տնտեսվարողներին առաջարկում է հարցազրույցների շարք, որտեղ մեր տնտեսվարողները կներկայացնեն իրենց վրա հասած փոփոխությունների ծանրությունը և դրանց ազդեցությունը հանրային կյանքի նկատմամբ։ Շահագրգիռ անձանց առաջարկում ենք զանգահարել և պայմանավորվել հարցազրույցների համար մեր լրահավաք հեռախոսահամարին, կամ հաղորդագրություն թողնել նույն հեռախոսահամարով տելեգրամ, կամ ոցապ հավելվածներին։
Հեռախոսահամար՝ +37491180007
