ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել արհեստական թանկացումներին.
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, որոնց մի մասը գրանցվել են՝ առանց քաղաքացիների գիտության:
Այսօր մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:
Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով եւ վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է եւ հիմա պահանջում է եւս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:
Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաեւ թե առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:
Ուստի, առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:
Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։

