Փաշինյանի «հեղափոխական գնաճը». ինչպես է թանկացել կյանքը 2018-ից հետո

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ եթե խոզի միսը թանկանա, ապա այն պատճառով, որ դրա վրա կավելանա անվտանգության, առողջապահության ավելի հուսալի կոմպոնենտ: Ըստ էության, Փաշինյանն ասում է, որ ապագայում թանկացումներն իր թիմը պատճառաբանելու է ստանդարտացման ընթացակարգով:

Հետաքրքիր է, որ մինչհեղափոխական Հայաստանում՝ 2018 թվականի հունվարի 19-ին, ընդդիմադիր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդդեմ թանկացումների երթեր-հանրահավաքներ էր անցկացնում Երևանի փողոցներում, կոշտ քննադատական աշխարհացունց ելույթներ ունենում՝ քննադատելով օրվա իշխանություններին և Ֆեյսբուքում այդ բողոքի ակցիայից լուսանկար հրապարակում ու գրառում անում. «Այսօրվա երթը։ Համարում եմ ստացված։ Հաջորդը՝ փետրվարի 5-ին: Միասին։) Թանկացմանն ասում ենք ո՛չ։ Թալանին ասում ենք՝ ո՛չ»։

«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- ֆեյբուքյան եթերում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը և բոլորին հորդորում 18:00-ին լինել «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում:

Հիշեցնենք, որ նույն 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ԱԺ ամբիոնից հայտարարում էր.

«Գիտությունը պարզել է, որ խառը կանաչին էլ է օգտակար, գիտեք ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք՝ գիտեք ինչ օգտակար է: Կամ՝ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք, ի՞նչ եք խառնվել իրար, այ ձեր ցավը տանեմ…»:

Ինչպես տեսնում ենք՝ այժմ Փաշինյանը թանկացումները համարում է տնտեսության զարգացման նշան: Համեմատության համար բերենք մի քանի օրինակ, թե ինչպես են թանկացել այս կամ ապրանքները հեղափոխությունից հետո, կամ ինչպես Փաշինյանը կասեր՝ ինչպես է զարգացել տնտեսությունը: Եվ այսպես․

Կարագ — 1 տուփի գինը 2018-ի 460 դրամից հասել է 780 դրամ,

Շաքարավազ — 1 կիլոգրամը 260 դրամից հասել է 490 դրամ,

Տավարի միս — 1 կիլոգրամը 1200 դրամից դարձավ 2400 դրամ,

Մածուն — 0.5 լիտրը 160 դրամ էր, իսկ դարձավ 240,

Հացը բարձր տեսակի — 2018-ին՝ 443 դրամ, դարձավ 602,

Խոզի միսը- 3578 դրամից դարձավ 3810,

Կաթը — 412 դրամից դարձել է 518,

Կարտոֆիլ – 232 դրամից դարձել է 525,

Սակայն, թանկացել են ոչ միայն պարենային ապրանքները, այլ նաև ծառայությունները: Այսպես, եկամտահարկը դարձավ պարտադիր, գազի սակագինը թանկացավ միջինը 4.1 տոսկոսով, ջրի սակագինը թանկացավ 29 դրամով, էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ միջինը 4.7 դրամով, գույքահարկը թանկացավ 43 տոկսոսով, կարմիր գծերը թանկացան 100 և ավել տոկոսով, շինթույլտվությունների տեղական տուրքերը բարձրացել են 2-ից 10 անգամ, ԱՊՊԱ-ն թանկացել է, սակայն՝ բոլոր վարորդների համար ոչ հավասար չափով, բնակարանը վարձով տվող քաղաքացիները կհարկվեն 10 տոկոսով, միկրոբիզնեսում գործատուները 5000 դրամի փոխարեն 20% եկամտահարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատողի համար, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկն ավելացավ 10 տոկոսով և այլն:

Ահա այսպիսին է Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության արդյունքում գրանցված հեղափոխական գնաճը:

Կիսվել սոց․ ցանցերում