ԼԱՏՎԻԱՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՄՈՒՏՔԸ ԱՊՀ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լատվիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը Սեյմի նախագահությանն է ներկայացրել ներգաղթի մասին օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ Ռուսաստանի, Բելառուսի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները Լատվիա մտնելուց առաջ պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց ճանապարհորդության մասին, գրում է Delfi-ն։

Օրինագծի հեղինակները նշել են, որ շենգենյան որոշ երկրներ, օրինակ՝ Հունգարիան, մանրակրկիտ ստուգումներ չեն անցկացնում ռուսներին և բելառուսներին վիզաներ տրամադրելիս։
Միաժամանակ Ռիգան կարծում է, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են վտանգ ներկայացնել Լատվիայի անվտանգությանը և իրականացնել հետախուզական գործունեություն։

Նախաձեռնությունն առաջարկում է ռուսաստանցիներին և բելառուսներին, ովքեր պատրաստվում են այցելել Լատվիա, նախօրոք լրացնել հատուկ հարցաթերթիկ՝ նշելով ուղևորության նպատակը, երթուղին, ժամը և գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և անվտանգության ուժերի հետ իրենց կապերի մասին տեղեկատվությամբ:

Այս տեղեկատվությունը չտրամադրելու կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում տուգանք է սահամնված մինչև 2000 եվրոյի չափով: Բացառություն կարվի միայն դիվանագետների և երկիր պաշտոնական կարճաժամկետ այցեր կատարող անձանց համար։

 

Կիսվել սոց․ ցանցերում